Հոկտեմբերի 19-ին Երևանը կնշի հիմնադրման 2801-ամյակը: Քաղաքի օրն այս տարի առաջին անգամ հավասարապես կտոնեն բոլոր վարչական շրջաններում:

Հոկտեմբերի 19-ի միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ից: Վարչական յուրաքանչյուր շրջան կներկայանա իր բնակիչներին համայնքային մարզամշակութային կենտրոնների նախաձեռնություններով:

«Էրեբունի-Երևան 2801» պաշտոնական միջոցառումն ու գալա համերգը կկայանա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ելույթ կունենան Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Ազգային ակադեմիական երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը:

«Էրեբունի - Երևան 2801» հիմնական միջոցառումները կմեկնարկեն հոկտեմբերի 19-ի երեկոյան: Ժամը 19:00-ից մինչ 22:00-ն վարչական շրջաններից կհնչեն ամենատարբեր ոճերի ռիթմեր:

  • Աջափնյակում կլինի էստրադային համերգ
  • Ավանում ծրագիրը մանկապատանեկան է
  • Դասականների սիրահարներին Երևանը հրավիրում է Արաբկիր
  • Հայկական ջազի լեգենդները կլինեն Դավթաշենում
  • Ժողովրդական երգ ու պարով ձեզ կդիմավորի Էրեբունին
  • Կենտրոնում փոփ համերգ է սպասվում
  • Մալաթիայում էստրադային բեմն է
  • Էլեկտրոնային երաժշտությունը կհնչի Նոր Նորքում
  • Ազգագրական տրամադրությունը՝ Նորք-Մարաշում
  • Ռոքի հայ աստղերին լսելու համար համեցեք Նուբարաշեն
  • Հեղինակ-կատարողներին լսելու համար՝ Շենգավիթ
  • Ռետրո երաժշտությունն էլ կլինի Քանաքեռ-Զեյթունում
  • 22։00-ին Երևանի երկինքը կլուսավորվի վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ: