ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ Airbus ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը:

Այցի շրջանակում Airbus-ի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են ՀՀ-ին ոլորտային արդյունաբերությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կրթական ծրագրերի իրականացմամբ, հայաստանյան ինստիտուտների հետ համագործակցության հաստատմամբ:

Մասնավորապես, Airbus-ը պատրաստակամություն է հայտնել կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել առաջատար ֆրանսիական տիեզերաօդային համալսարանի՝ Ավիացիայի և տիեզերքի Ազգային բարձրագույն դպրոցի մասնակցությամբ։

Նշենք, որ նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռևս 2019թ-ի հունիսին Լը Բուրժեում անցկացված՝ Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում. Արմեն Սարգսյանն այցելել էր ընկերության տաղավար, հանդիպել ղեկավարության հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան այցելության և համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ: