ԱՄՆ դեսպանատան դիմաց հավաքվել են Հայաստանում ապրող քրդերն իրենց ընտանիքների, երեխաների հետ՝ դատապարտելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունները, որոնց հետևանքով սպանվում, վիրավորվում ու տարհանվում են իրենց ազգակիցները։

«Մենք կոչ ենք անում գերտերություններին մեկ անգամ գոնե թողնեն իրենց գերակա շահերը, նավթամթերքն ու ռազմամթերքը ծախելու շահերը, բռնեն թուրքերի արյունոտ ու ցեղասպան ձեռքն ու ասեն՝ հերիք է, հարյուր տարին մեկ դուք տարբեր ժողովուրդների ցեղասպանություն եք իրականացնում, այն ժողովուրդների, որոնք փոքրամասնություն են համարվել ձեր երկրում»,-հայտարարել է ԱԺ պատգամավոր, «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» հկ խորհրդի նախագահ Կնյազ Հասանովը:

Նա ընդգծել է, որ ուրիշ ազգերի հողերի վրա պետություն կառուցած Թուրքիան այսօր հասել է նրան, որ ազգային փոքրամասնություններին սպանում է արդեն իր երկրի սահմաններից դուրս, այս անգամ՝ Սիրիայում։

«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ դեսպանատան դիմաց՝ դատապարտելու ԱՄՆ իշխանությունների ոչ ճիշտ դիրքորոշումը քուրդ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում ենք միջազգային հանրության այս լռությունը։ Անհրաժեշտ է բոլորի ջանքերի մեկտեղումը պատերազմը կանգնեցնելու համար», - ասել է Հասանովը։

Նրա խոսքին միացել են ներկաները՝ վանկարկելով ամոթ-ամոթ։