Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան հ. 5 հիմնական դպրոցի թունավորված աշակերտների թիվը հասել է 23-ի: Աշակերտները տեղափոխվել են «Արտաշատի բժշկական կենտրոն», հայտնում է «Հայկական ժամանակը»:

Կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուհի Հովակիմյանն ասել է, որ սկզբում աշակերտների թիվը 20-ն է եղել, ժամանակի ընթացքում այլ երեխաներ են բերել, թիվը հասել է 23-ի:

Բոլոր աշակերտների մոտ ախտորոշվել է սննդային թունավորում, հիվանդանոց են տեղափոխվել դպրոցից: Երեխաներից 3-ը գտնվում են բժշկական կենտրոնի մանկական բաժանմունքում, մյուս 20-ը՝ ինֆեկցիոն բաժանմունքում:

Երեխաների մեծ մասը դպրոցի ճաշարանում պիցցա է կերել, նրանցից մի քանիսն էլ՝ հոթ դոգ և խաչապուրի:

«Աշակերտների վիճակը գնահատվում է միջին ծանրության, ի սկզբանե ոչ ոք ծանր վիճակով չի տեղափոխվել հիվանդանոց»,- նշել է Հայկուհի Հովակիմյանը՝ ավելացնելով, որ 4-5 աշակերտի վիճակն արդեն լավ է: Ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի խոսքով՝ երեխաների մոտ դրական դինամիկա կա:

Թունավորված աշակերտները 9-12 տարեկան են: