Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն անուղղակիորեն խոստովանել է իր երկրում հայերի հանդեպ, անկախ քաղաքացիությունից, ռասիստական վերաբերմունքի փաստը՝ հայտարարելով, որ Ադրբեջան այցելող հայերի հետ տարբեր էքսցեսներ կարող են տեղի ունենալ:

«Իզվեստիային» տված հարցազրույցում դիվանագետը մեկնաբանել է բազում փաստերը, երբ ռուսաստանաբնակ հայերին կամ հայկական ազգանուն կրողներին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան: Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն, նրանք պետք է նախապես տեղեկացնեն այդ մասին Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը՝ խուսափելու համար ղարաբաղյան հակամարտության պատճառով երկրում առկա «էմոցիոնալ ֆոնից»:

«Մենք ասում ենք. եթե կան հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներ, որոնք ցանկանում են Ադրբեջան այցելել, ապա, ի սեր Աստծո, թող գան: Բայց պետք է նախապես տեղեկացնեն առնվազն մեր դեսպանատանը, քանի որ ՌԴ հետ գործում է առանց վիզաների ռեժիմը, սակայն նախապես ստացված տեղեկատվությունը թույլ կտա խուսափել որևէ էքսցեսից՝ հաշվի առնելով այն էմոցիոնալ ֆոնը, որ կա Ադրբեջանում հակամարտության առումով: Մենք մշտապես բավականին անկեղծ ենք խոսում այդ մասին ռուսական կողմի հետ», - հայտարարել է Մամեդյարովը: