ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 22-24-ը կանցկացվի Գրքի երևանյան երրորդ փառատոնը: Դրա շրջանակում նախատեսվում են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան հեղինակների գրքերի շնորհանդեսներ, դասախոսություններ, վարպետության դասեր, բանախոսություններ գրատպության, հրատարակչական գործի վերաբերյալ, հանդիպումներ հասարակական, մշակութային գործիչների հետ: Փառատոնի ընթացքում անցկացվող ցուցահանդես-տոնավաճառին կմասնակցի 37 հրարատարակչություն, գրախանութ և կազմակերպություն, գրքերը կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով։

Միջոցառման բացման արարողությանը համերգով հանդես կգան «Ագապէ» կամերային երգչախումբը և «Երևան» լարային քառյակը: Փառատոնի շրջանակում անցկացվող շնորհանդեսներին կներկայացվեն Սթիվեն Քինգի «Փայլատակում», Լայմըն Ֆրենկ Բաումի «Սանտա Կլաուսի կյանքն ու արկածները», Ռուբեն Հովսեփյանի «Հեքիաթներ», Օլգա Տոկարչուկի «Գրքի մարդկանց ուղևորությունը», Սամվել Գասպարյանի «Կաիսայի ընտրյալները. Տիգրան Պետրոսյան» և այլ գրքեր:

Կանցկացվեն նաև քննարկումներ «Իմ փոքրիկ գիրքը» մանկական կոմիքսների շարքի, Համբարձում Համբարձումյանի «Կորեական դելիկատես» և այլ գրքերի վերաբերյալ, կլինի ջազի և պոեզիայի վինիլային երեկո Վահագն Մարտիրոսյանի հետ:

Փառատոնի բացման պաշտոնական արարարողությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին «ՀԲԸՄ Հայաստան» ցուցասրահում և դահլիճում (հասցե՝ Մելիք Ադամյան 2/2): Փառատոնի երեք անվանակարգերում հաղթողների անունները կհայտարարվեն փակման արարողության ժամանակ՝ նոյեմբերի 24-ին։ Նույն օրը համերգով հանդես կգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը և «Վահագն Հայրապետյան» ջազ քառյակը:

Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Ծրագրին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ անցնելով հետևյալ հղումով՝ mincult.am։