ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ուռուցքաբանության ոլորտում իրականացվող հերթական պետական ծրագրին․

«Հերթական պետական ծրագիրը ուռուցքաբանության ոլորտում, այս անգամ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։

Կրծքագեղձի քաղցկեղը առաջին տեղն է զբաղեցնում կանանց մոտ հայտնաբերվող քաղցկեղների մեջ։

Ուռուցքաբանության գծով մեր խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի հետ երեկ վերջնականացրեցինք մի նոր նախագիծ, որով մյուս տարվանից առողջապահության նախարարությունը գնելու է թանկարժեք թիրախային դեղորայք (քիմիական անվանումը՝ Տրաստուզումաբ, Trastuzumab) նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։ Նախնական հաշվարկներով այս չափանիշներով տարեկան ընդգրկվելու է մոտ 80 կին, ծրագրի վրա ծախսվելու է տարեկան մոտ 250մլն դրամ։ Ծրագրի մանրամասները կհրապարակենք գնման մրցույթների իրականացումից հետո։

Հիշեցնեմ, որ քաղցկեղի վիրահատական և ճառագայթային բուժումները արդեն իսկ կատարվում են պետպատվերի շրջանակներում»։