Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտակայքում բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել են ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահներ Սահավաթ Սոլթանլըն, Ֆարաջ Քերիմլին և այլ ակտիվիստներ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:

Ավելի ուշ ձերբակալվել է Զաքիր Իսմայիլովը, որը տեղեկացրել էր լրագրողներին, որ մինչ ակցիայի սկսվելն արդեն ձերբակալվել է 17 կուսակցական:

Ձերբակալվել են նաև մի քանի կանայք, ովքեր այդ պահին հարցազրույց էին տալիս և նշում, որ իրենք ոչ մի օրենք չեն խախտում, այլ օգտվում են իրենց սահմանադրական իրավունքից՝ բողոքի ակցիա անցկացնելով:

Ոստիկաններն ու քաղաքացիական համազգեստով մարդիկ ձերբակալել և մեքենաներով տարել են ցուցարարներին՝ ասելով լրագրողներին, որ չխանգարեն իրենց աշխատանքին:

Հիշեցնենք, որ դեռ երեկ Բաքվում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել էին ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլիին:

«Մուսավաթ» կուսակցությունը նոյեմբերի 12-ին Բաքվի գործադիր իշխանության շենքի մոտ բողոքի ակցիա էր նշանակել, և դիմել էր գործադիր իշխանությանը ակցիայի հաստատման համար: Գործադիր իշխանությունը համաձայնություն չէր տվել ակցիայի անցկացման համար, որից հետո կուսակցությունը հայտարարել էր, որ ակցիան Բաքվի գործադիր իշխանության շենքի դիմաց կանցկացնի առանց թույլտվության: