Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարություն է տարածել իր հրաժարականի մասին՝ նշելով, որ իր հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում է անիմաստ:

Մանուկյանի խոսքով՝ երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել:

«Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում», - ասել է Մանուկյանը՝ շեշտելով, որ նման պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ ժողովրդին համախմբելը:

Մանուկյանը նշել է, որ այդ նպատակի իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը: Նրա խոսքով՝ խորհրդի վերջին նիստին փորձել է հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ համագործակցության եզրեր գտնելու, Հանրային խորհրդի միջոցով «պետության համար վտանգավոր» քայլեր կանխելու համար, սակայն ապարդյուն:

Մանուկյանն ասել է, որ Հանրային խորհրդի կազմից դուրս գալու իր որոշման մասին գրավոր տեղեկացրել է կառավարությանը: