ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Արթուր Վանեցյանը՝ «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ ասել է, որ Հայաստանում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում՝ չմանրամասնելով, սակայն, թե նրանք ում կողքին են՝ հեղափոխականների, թե հակահեղափոխականների։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ վարչապետի հանձնարարականները երբեմն տարակուսանք են առաջացրել, Վանեցյանն ասել է, որ տարակուսելու շատ առիթներ է ունեցել:

Վանեցյանի հարցազրույցից նաև պարզ է դարձել, որ, իր կարծիքով, «Սորոսի» գրասենյակի գործունեությունը վտանգներ է պարունակում ՀՀ համար:

Նա դրական է պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք հանրությունը մոլորության մեջ է։

Անդրադառնալով ապագային՝ Վանեցյանն ասել է, որ իր ողջ գիտակից կյանքում ծառայել է հայրենիքին և կշարունակի դա անել:

«Թե այդ ծառայությունը ինչպես կարտահայտվի՝ ժամանակը ցույց կտա։ Կախված է պահանջից և այն իրադարձություններից, որոնք տեղի կունենան։ Ես ազատ մարդ եմ՝ կաշկանդված չեմ որևէ բանով։ Ես կորոշեմ, թե ինչով զբաղվեմ՝ քաղաքականությամբ, հասարակական, թե այլ գործունեությամբ», - ասել է նա։