Լեգենդար գիտնական-բևեռախույզ, Դումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը պարգևատրվել է «Հայրենիքի առաջ վաստակի համար» II աստիճանի շքանշանով՝ Ռուսաստանի պետականության ամրապնդման և խորհրդարանի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար: Շքանշանը նրան հանձնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլի Եկատերինյան դահլիճում տեղի ունեցած Ռուսաստանի ականավոր քաղաքացիներին պետական պարգևներ հանձնելու հանդիսավոր արարողության ժամանակ:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, թանկագինս, շնորհակալություն աջակցության համար: Ես մնում եմ գործող բեռային հետազոտող, և հետագայում էլ ամեն ինչ կանենք, որ Ռուսաստանը լինի մեծ ծովային արկտիկական տերություն: Շնորհակալություն վստահության համար»,- իր խոսքում ասել է Արթուր Չիլինգարովը։

Արթուր Չիլինգարովը ծնվել է 1939թ-ի սեպտեմբերի 25-ին: 1963թ. ավարտել է Լենինգրադի բարձրագույն ճարտարագիտածովային ուսումնարանը։ 1963-1965թթ. աշխատել է Արկտիկայի և Անտարկտիկայի ինստիտուտի Տիկսի ավանի աստղադիտարանում, 1974-1992թթ. վարել ղեկավար պաշտոններ ԽՍՀՄ (ապա՝ ՌԴ) ջրօդերևութաբանության պետկոմում։ 1969-1971թթ. եղել է «Հյուսիսային բևեռ-19», «Հյուսիսային բևեռ-22» դրեյֆող կայանների, 1971-1973թթ.՝ Անտարկտիդայի «Բելինսհաուզեն» կայանի, 1974-1979թթ.՝ Ամդերմայի ջրաօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկման տարածքային վարչության պետ, 1986-1991թթ.՝ ԽՍՀՄ ջրաօդերևութաբանության կոմիտեի փոխնախագահ։ 1987թ-ին ղեկավարել է «Սիբիր» ատոմային սառցահատի գիտարշավը Հյուսիսային բևեռում։

Նրա հմնական աշխատությունները վերաբերում են Արկտիկայի և Անտարկտիկայի յուրացման հիմնախնդիրներին, արկտիկական նավագնացության ապահովման նոր ձևերի ներդրմանը, ծովային ափամերձ սառցաշերտերի վրա բեռնման-բեռնաթափման աշխատանքների նոր մեթոդների մշակմանը:

Արթուր Չիլինգարովն ընդգրկված է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես միակ բևեռախույզը, որ 6 ամսվա ընթացքում եղել է Երկրի Երկու բևեռներում: