Երևանում 2008թ-ի մարտի 1-2-ը տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով որպես տուժող աջակցություն ստանալու համար մինչև նոյեմբերի 12-ը 63 դիմում է ներկայացվել: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Գրում է factor.am-ը։

«ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվել է 63 դիմում, որոնցից 45-ը՝ բավարարվել է, 19-ը՝ մերժվել, իսկ 1-ը՝ քննարկման փուլում է: 2008թ-ի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրված աջակցության չափը մինչև նոյեմբերի 12-ը կազմում է 545 մլն դրամ»,- նշել են արդարադատության նախարարությունից:

2008թ-ի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ աջակցություն ստանալու իրավունք ունեն՝

1) 2008թ-ի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձը,

2) այն անձը, որի առողջությանը 2008թ-ի փետրվարի 19-ին Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքների կապակցությամբ բողոքի հավաքները ցրելու գործողությունների ժամանակ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Անձի առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատվում են դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ: