Ազատեկի հանքավայրի հանրային լսումները Վայոց ձորի մարզի Վայք համայնքում երեկ չեն կայացել։ Վայքի համայնքապետ Թարո Ավետյանը նշել է, որ լսումները չեն կայացել, որովհետև ժողովուրդը համաձայն չի եղել, և մասնակցություն չի ապահովվել։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Սա Վայքում կազմակերպված երկրորդ հանրային լսումներն էին այս տարի։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին «Վայքգոլդ» ՍՊԸ-ի նախաձեռնած Վայք և Զառիթափ համայնքների վարչական տարածքներում Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի բաց-ստորգետնյա համակցված մշակման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումները նույնպես տապալվել էին։ Համայնքի բնակիչները հավաքվել էին համայնքապետարանի շենքի մոտ և թույլ չէին տվել «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին մուտք գործել շենք:

«Քանի որ ժողովուրդը դեմ է, ես իմ ժողովրդի կողքին եմ»,- ասել է Վայքի համայնքապետը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով (Ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, որի նախաքննությունը դեռևս շարունակվում է։