«Ակունք» ազգագրական համույթը նշում է իր գործունեության 45 ամյակը։

Դեկտեմբերի 8-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «ԱԿՈՒՆՔ 45 ամյակ» հոբելյանական համերգը, որն իրականացնում է Արսեն Գրիգորյանը, ում ևս բախտ է վիճակվել լինել ակունքցի։

Նշենք, որ «Ակունք» ազգագրական համույթը ստեղծել է Մարո Մուրադյանը, և այնպիսի ժամանակներում, երբ խորհրդային տարիներին արգելված էր ազգային մշակույթի ցանկացած դրսևորում։ 1981թ-ին Ստեփան Պողոսյանի շնորհիվ «Ակունք» համույթը պաշտոնապես գրանցվում է որպես Ազգային ռադիոյի և հեռուստատեսության պետական համույթ։

«Ակունք» համույթը և ավանդական, ազգագրական մշակույթի պահպանման ու տարածման շարժումը, որի հիմքում կանգնած էր հայ երգի հայրիկ Հայրիկ Մուրադյանը, ազգային զարթոնքի պտուղներից մեկն էր, որից սնվեցին և այսօր էլ շարունակում են սնվել բազմաթիվ սերունդներ։ Այս տարիների ընթացքում «Ակունք» ազգագրական համույթը ծառայել է հայ ավանդական մշակույթին, ներկայացրել ամբողջական՝ Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր ազգագրական գոտիների երգեր, պարեր և երաժշտական նմուշներ՝ աշխատանքային, հարսանեկան, քնարական, հայրենասիրական ու հոգևոր երգեր։ Համույթն իր մեծ ներդրումն է ունեցել նաև հայկական մշակույթի տարածման գործում ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: