Հայ գրող, երգիչ-երգահան, ճարտարագետ Արսեն Համբարյանը նշել է 50 ամյակը։ Այդ առիթով երեկ՝ նոյեմբերի 26-ին Հայաստանի գրողների միությունում տեղի է ունեցել Արսեն Համբարյանի 50 ամյակին նվիրված հոբելյանական գրական երաժշտական ցերեկույթ: Հավաքվել էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ և գրողներ։

Նշենք, որ միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի Գրողների միությունը,Մշակույթի Հայկական ֆոնդը, Երևանի Քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը, Բոհեմ թատրոնը: Այս գեղեցիկ ծրագիրը կրում էր «Իմ Արևը իմ մեջ է. ես՝ Արևի մեջ» գեղեցիկ խորագիրը: Ցերեկույթը վարում էր ասմունքող-դերասան Գայանե Սամվելյանը:

«Մշակույթի Հայկական ֆոնդ»-ի նախագահ, բանաստեղծ, նկարիչ Արևշատ Ավագյանը Արսեն Համբարյանին հայկական մշակույթի մեջ ունեցած մեծ ավանդի համար պարգևատրել է «Մշակույթի Հայկական ֆոնդ»-ի պատվոգրով ու Գրիգոր Լուսավորիչ հուշամեդալով: «Վան-Վասպուրական հայրենակցական միության» նախագահ Ռոմիկ Հովնանյանը «Կարին Հայրենակցական միության» պատվոգրերով պարգևատրել է երգահան-երգչին։

Համբարյանը ծնվել է 1969թ-ի հոկտեմբերի 16-ին Երևանում: Նախնիները Կարսից, Մուշից և Վանից են։ Սովորել է Երևանի համար 46 և 181 դպրոցներում։ Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկական ինստիտուտ) ռոբոտատեխնիկայի բաժինը։ Մասնակցել է Արցախյան գոյամարտին՝ միաժամանակ ծառայելով Խորհրդային միության բանակում (Մոսկվա, Մերձբալթյան հանրապետություններ և հիմնականում Ուկրաինա՝ Չեռնգով)։

Առաջին գիրքը Հաղթականչ հայապատում խորագրով հրատարակել է 2004թ: Երաժիշտ ընկերների հետ հիմնադրել է «Արատտա» Հայ խոսքի ու երգի համույթը, ուխտակիցների աջակցությամբ Արևմտյան Հայաստանում նկարահանել է «Տիր» տեսահոլովակը։ 2012թ-ից աշխատում է Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական ասամբլում`որպես մեներգիչ։ 2013թ-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության անդամ։

Արսեն Համբարյանը հեղինակել է բանաստեղծություններ, պոեմներ, պատմվածքներ, թատերգություններ, էսսեներ, հեքիաթներ, առակներ։ Հեղինակ է երեք գրքի և 6 գրքույկից բաղկացած հեքիաթաշարի։ Առաջին գիրքը 2004 թ.-ին լույս տեսած «Հաղթականչ» Հայապատումն է՝ չափածո պիես՝ նվիրված Հայկ Նահապետի հաղթանակի 4500-ամյակին։