ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2019-2020 ուսումնական տարվա 2019թ-ի դեկտեմբերին անցկացվող պետական ավարտական քննությունների կազմակերպման ժամկետները և անցկացման կարգը:

Ըստ այդմ՝ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները դեկտեմբերին կանցկացվեն՝ համաձայն հետևյալ ժամանակացույցի.

«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` գրավոր (թեստ)- 24.12.2019թ.

«Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ)- 25.12.2019թ.

«Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ)- 26.12.2019թ.

Ռուսերեն («Ռուսաց լեզու», «Ռուս գրականություն») բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար) սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)` սովորողի ընտրությամբ՝ դեկտեմբերին կամ հունիսին՝ քննաշրջանի ընթացքում

12-րդ դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում:

Միասնական քննությանը մասնակցող սովորողը դեկտեմբերին պետական ավարտական քննություններ կարող է հանձնել այն առարկաներից, որոնք չի հանձնելու միասնական քննությունների համակարգով:

Սովորողի որոշմամբ, անհրաժեշտության դեպքում, միևնույն առարկայից և՛միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում գրվում է սովորողի նախընտրած գնահատականը (միավորը):

Դեկտեմբերին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 5-ը պետք է գրավոր դիմեն հաստատության տնօրենին:

Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն: