ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը, լինելով Հայաստանում գիտական լրագրության նախաձեռնողը, գիտական (աստղագիտական) լրագրության ոլորտի լրագրողների համար հայտարարում է հերթական մրցույթը։ Այս մասին հայտնում են Բյուրականի աստղադիտարանի հանրային կապերի բաժնից։

Մրցույթի նպատակն է նպաստել Հայաստանում գիտական լրագրության զարգացմանը և խրախուսել այդ ոլորտում գործունեություն ծավալող լրագրողներին։

Մրցույթին կարող են մասնակցել ինչպես հայկական, այնպես էլ արտերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր 2019թ.-ի ընթացքում լուսաբանել են Բյուրականի աստղադիտարանի գործունեությունը կամ հրապարակել են աստղագիտությանը վերաբերող նյութեր։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ հայտը լրացնելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/L5KbK7xifDRV6Fdn6:

Մրցանակներ տրվելու են 3 անվանակարգում. լավագույն հեղինակային տպագիր կամ առցանց հոդվածի կամ հոդվածաշարի մրցանակ, լավագույն հեղինակային ձայնա/տեսանյութի մրցանակ (կարճամետրաժ ֆիլմեր, հաղորդաշարեր, առցանց ձայնա/տեսա նյութեր և այլ), ամբողջ տարվա կտրվածքով առավել ակտիվ լրագրողի մրցանակ։

Ուշադրություն` աստղադիտարանից հայտնում են, որ դիտարկվելու են միայն հեղինակային աշխատանքները։

Նշենք, որ հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 5-ը։ Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 12-ին։