Հայաստանի պետական ջազ նվագախումբը կներկայացնի ամանորյա տոնական ծրագիր
Հայաստանի պետական ջազ նվագախումբն Ամանորին ընդառաջ հանդես կգա ինքնատիպ ու ավանդական դարձած ձեռնարկով: Սուրբծննդյան նախաշեմին՝ դեկտեմբերի 22-ին ժամը` 19:00-ին, նվագախումբն Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացնի տոնական ամանորյա ծրագիր:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ կհնչեն սուրբծննդյան և ամանորյա երգերի ու մեղեդիների ջազային մշակումներ՝ Ջազ նվագախմբի և ընկերների կատարմամբ: Կներկայացվի ինքնատիպ ծրագիր, կհնչեն նոր ստեղծագործություններ, որոնք մշակվել են հատուկ ջազ նվագախմբի և հատկապես այս երեկոյի համար:
Ի դեպ, նշենք, որ երեկոյին, բացի նվագախմբից, հանդես կգան դաշնակահար, կոմպոզիտոր, գործիքավորող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը, ինչպես նաև անակնկալ մենակատարներ, որոնց ելույթները ևս տոնական տրամադրություն կստեղծեն: