Դեկտեմբերի 3-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հռչակել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր:

Հաշմանդամությունն անհատի զարգացման և առաջընթացի արգելք չպետք է լինի: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը, հասանելի միջավայրի ապահովումը և հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ հարգանքը պետք է դարձնել յուրաքանչյուրիս առօրյա կյանքի անբաժանելի առաջնահերթություն: Ինքներս մեզ փոխելով՝ մենք կկարողանանք փոխել մեր իսկ կարծատիպերով ստեղծված աշխարհը՝ այն դարձնելով ավելի հանդուրժող ու ներառական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպանը։

«Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ այցելել են «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոն։ Ստացած տպավորությունները՝ ստորև։

Արդեն 14 տարի գործում է «ԻՄ ՈՒՂԻՆ» սոցիալ-վերականգնողական զբաղվածության ցերեկային կենտրոնը, որը նախատեսված է աուտիզմով դեռահասների և երիտասարդների համար: Երբ բացվեց կենտրոնը, կար ընդամենը 8 երեխա: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 4 անձից է բաղկացած, հենց նրանց՝ աուտիզմ ունեցող երեխաների ծնողների շնորհիվ էլ ստեղծվեց հիմնադրամը: Հիմա արդեն «Իմ ուղին» կենտրոն հաճախում է 180 սան: 2020թ-ին նրանց թիվը կհասնի 200-ի: Այստեղ կիրառվում են ամերիկյան եւ եվրոպական մեթոդները, որոնք, ըստ պատասխանատուների, արդյունավետ են: Սկզբում կանխատեսելի ու կառավարելի են դարձնում երեխաներին, հետո արդեն Եվրոպայի փորձով, կողմնորոշում մասնագիտության և զբաղվածության հարցում:

Ֆենոմենալ հիշողությամբ, երաժշտական բացառիկ ունակություններով ու ստեղծագործելու արտասովոր կարողություններով երեխաներն օրվա մեծ մասն անցկացնում են կենտրոնում: Ըստ տրամադրության, նվագում են, մասնակցում արտթերապիայի դասերին, բացիկ կամ տիկնիկ են պատրաստում, զբաղվում կավագործությամբ կամ նկարչությամբ», - գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը։