ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները, որոնք հավաքվել էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ ու պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ճեղքել են ոստիկանական պատնեշն ու փորձել ներխուժել նախարարության շենք: Ոստիկանները թույլ չէին տվել, որպեսզի նրանք մոտենան նախարարության մուտքին, նրանք քաշքշել են իրար: Նախարարության մուտքը փակ է:

Երիտասարդները հայտարարում են, որ ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն է, քանի որ նա չեկավ իրենց հետ քննարկման: Նրա այդ կեցվածքը երիտասարդները գնահատեցին անընդունելի և ապակառուցողական: Այս մասին գրում է Պանորամա-ն։

Նախքան այդ նրանք կես ժամ էին տվել նախարարին, որպեսզի վերջինս իջներ ու իրենց հետ քննարկեր իրենց կողմից բարձրաձայնված պահանջները։ Նշենք, որ նրանց պահանջները հիմնականում վերաբերում են նախարարության վարած քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ ՀՅԴ երիտասարդները օրեր շարունակ նստացույց էին անում նախարարության մեջ, այնուհետև նրանք հայտարարել էին, որ դադարեցնում են նստացույցը՝ սպասելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը: