Հայաստանի ազգային կինոկենտրոնը հիշեցնում է առաջիկայում սպասվող ֆորում-միջոցառման մասին․

«Հարգելի գործընկերներ,

Դեկտեմբերի 13-15-ը Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կազմակերպում է «Կինոարտադրողների համահայկական Ֆորում» միջոցառումը։

Ֆորումի նպատակն է միջազգայնացնել հայկական կինոարտադրանքն ու կինոժառանգությունը, ամրապնդել և ընդլայնել միջազգային համագործակցությունը, խթանել մասնագիտական փորձառությունն ու կրթությունը, ձևավորել ժամանակակից մտածողություն՝ համաշխարհային կինոարտադրությանն ինտեգրվելու համար։

Ֆորումին մասնակցելուս նպատակով Հայաստան կժամանեն միջազգային կինոարտադրության ոլորտում փորձառու և անվանի կինոգործիչներ, որոնք կհանդիպեն Հայաստանում կինոոլորտի պատասխանատուների, կինոարտադրողների, կինոգործիչների հետ և կմասնակցեն քննարկումներին: Ֆորումի օրակարգում ներառված են մասնագիտական դիսկուրսներ՝ Հայաստանում եղած կինոարտադրության ռեսուրսների, համատեղ ֆիլմարտադրության հնարավորությունների, միջազգային համագործակցության, կրթական մեթոդների մրցունակության, հայկական կինոարտադրանքի տարածման վերաբերյալ:

«Կինոարտադրողների Համահայկական Ֆորում»-ի շրջանակներում կներկայացվեն 2019թ-ին պետական աջակցություն ստացած, զարգացման և արտադրական փուլի լիամետրաժ կինոնախագծերը՝ հավելյալ ֆինանսական միջոցներ և հեռանկարային համագործակցություն գտնելու նպատակով, ինչպես նաև «Ժամանակակից հայ գրականությունը էկրանին»-ին ծրագրով կներկայացվեն անկախության տարիներին տպագրված, էկրանավորման ներուժ ունեցող գրական ստեղծագործություններ՝ հայ գրականության հանրահռչակման և միջոլորտային գրականություն-կինոարտադրություն կապերի խթանման նպատակով:

Կինոնախագծերի և գրական գործերի ներկայացման հարթակներին (pitching) կհրավիրվեն մշակութային ֆոնդերի, բանկերի, ֆիլմարտադրող ընկերությունների, հեռուստատեսությունների, կապի օպերատորների և այլ կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ:

Ֆորումի հանդիպումներն ու քննարկումները բաց են աուդիովիզուալ ոլորտում գործող բոլոր ներկայացուցիչների համար: Սա գերազանց հնարավորություն է նոր կապերի ձեռքբերման, միջազգային համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման և գիտելիքների արդիականացման համար»: