Հայկական բնապահպանական ճակատն անդրադարձել է բրիտանական կայքում տեղ գտած Լիդիան-ի գործունեության մասին հաղորդագրությանը․

«Լիդիան Ինթերնեշընըլի բրիտանական կայքում իր ներդրողների համար տեղադրված հաղորդագրությունից եզրահանգում ենք, որ ընկերության համար կարծես թե դեկտեմբերի 20-ը նշանակություն ունեցող ժամկետ է, քանի որ իր խոշոր պարտապանները պարտքը վերադարձնելու ժամկետները հետաձգել են մինչև 2019թ. դեկտեմբերի 20-ը։ Լիդիանը կարող է Ամուլսարի հետ կապված աշխատանք անելու ցանկացած փորձ իր պարտապաններին ներկայացնել իբրև ժամկետները հետաձգելու նոր հիմք. հավանաբար, դրանով է պայմանավորված, որ այս օրերին պետական մարմինների որոշ ներկայացուցիչներ ակտիվորեն փորձում են համոզել Ամուլսարի պահապաններին թույլ տալ Լիդիանին՝ մտնել տարածք և ձմեռացման աշխատանքներ կատարել, չնայած անցած ձմեռ Լիդիանն արդեն ձմեռացրել էր տեխնիկան, իսկ դրանից հետո այլևս տարածք չի էլ մտել։

Մինչ այդ, Լիդիանի՝ 2019թ. սեպտեմբերի 30-ի ֆինանսական հաշվետվությունը, որն աուդիտ չի անցել, խոսում է դեֆոլտի նախազգուշացումների մասին։

Վերը նշված հաղորդագրության մեջ Լիդիանը շարունակում է սուտ տեղեկություններ գրել, օրինակ՝ իբր ԷԼԱՐԴ ընկերությունը իր արած ՇՄԱԳ զեկույցներին տվել է դրական եզրակացություն և միայն աննշան տեխնիկական առաջարկներ ներկայացրել, որոնք իբր Լիդիանը մեծամասամբ ընդունել է։

Ոչ մի ժողովուրդ և ոչ մի կառավարություն պարտավոր չէ սխալ տեղեկություններ, թերի ու գիտականորեն չհիմնավորված ՇՄԱԳ ներկայացրած ընկերությանը փրկել դեֆոլտից։ Ավելին՝ պետությունը պետք է հետաքննի ֆինանսական հնարավոր խարդախությունների ու ներդրողներին մոլորեցնելու բոլոր դրվագները և համապատասխան պատժամիջոցներ սահմանի»։