ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում շարունակվում է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, պայմանագրով չնախատեսված հողատարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար, շրջակա գյուղերի բնակիչներից պահանջել և ստացել է կաշառք: Այս մասին գրում է «Հետք»-ը։

Մասնավորապես՝ կազմակերպության տնօրենի պաշտոնակատարը, 2019թ-ի նոյեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մի շարք բնակիչների օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ առանց խոտհարքներից օգտվելու օրենքով սահմանված պայմանագիր կնքելու, խոտհարքը տրամադրելու և խոտհարքն ապօրինի հնձելը չկանխարգելելու դիմաց, պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով (7 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: