ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ` 65 կողմ և 33 դեմ ձայներով, ընդունել է Սահմանադրական դատարանի դատավորների համար վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը:

Նախագիծը ներկայացրած նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ նախատեսվում է մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած դատավորի կողմից մինչև 2020թ. հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, մինչև Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի չափով:

Նախարար խոսքով՝ նախագծերի փաթեթը դրական եզրակացություն է ստացել Վենետիկի հանձնաժողովի կողմից, ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը:

Ըստ նախագծի՝ եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, մինչև 2020թ-ի հունվարի 31-ը հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: