Չեխիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդրի որդի Նարեկ Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Այս մասին է հայտնել ֆեյսբուքյան էջում գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Նարեկ Սարգսյանի տեղափոխումը:

2018թ-ի դեկտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանը հայտնաբերվել էր Պրահայում, Ֆրանկլին Գոնսալեսի անվամբ գվատեմալական անձնագրով:

Հիշեցնենք, որ Սարգսյանի դեմ հարուցված է քրեական գործ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով։