Վերջերս Ջավախքում (Սամցխե-Ջավախեթի-Ցալկա շրջանում) տեղի են ունենում տեղանունների լուրջ փոփոխություններ: Ամբողջովին փոխվում են հայաբնակ շրջանի լեռների, գետերի, բնակավայրերի և աշխարհագրական այլ անուններ: Այս կապակցությամբ «Ռուսաստանի Ջավախքյան սփյուռք» ՀԿ-ն հրապարակայնորեն դիմում է Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին:

«Հարգելի վրաց խորհրդարանականներ

Դիմում ենք ձեզ՝ որպես այն անձանց, ում Վրաստանի քաղաքացիները պատվիրակել են իրենց լիազորությունները և ովքեր ներկայացնում են վրաց ժողովրդի շահերը երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում: Վերջերս Ջավախքում (Սամցխե-Ջավախեթի-Ցալկա շրջան) տեղի են ունենում տեղանունների լուրջ փոփոխություններ: Լեռների, գետերի և աշխարհագրական այլ անունները ամբողջովին փոխվում են: Քաղաքների, գյուղերի, բնակավայրերի անունները և նույնիսկ հայկական ազգանունները փոխվում են վրացական ձևով` դրանց ավարտին որոշակի տառեր փոխարինելով կամ ավելացնելով:

Միևնույն ժամանակ, նշում ենք, որ դրանով իսկ վրացական իշխանությունները խախտում են Եվրոպայի Խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիան, որը Վրաստանի խորհրդարանը վավերացրել է 2005թ-ին։ Համաձայն Կոնվենցիայի՝ ազգային փոքրամասնությունների կողմից ավանդաբար բնակեցված վայրերում անհրաժեշտ է ապահովել ավանդական տեղանունների օգտագործումը: Մասնավորապես, Կոնվենցիայի 11-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում ասվում է.

  • «Կողմերը պարտավորվում են ճանաչել ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչյուր անձի՝ իրենց ազգային լեզվով անուն, ազգանունը և հայրանունը օգտագործելու իրավունքը, ինչպես նաև նրանց պաշտոնապես ճանաչման իրավունքը` իրենց իրավական համակարգում ամրագրված պահանջներին համապատասխան»:
  • «Մասնակիցները պարտավորվում են ընդունել, որ ազգային փոքրամասնությանը պատկանող յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր լեզվով ցուցանակներ, նշումներ և այլ անձնական տեղեկատվություն տեղադրել հանրության համար տեսանելի վայրում»:
  • «Ազգային փոքրամասնությանը պատկանող մեծ թվով անձանց ավանդական բնակության վայրերում Մասնակիցները պետք է ապահովեն իրենց իրավական համակարգի շրջանակներում, ներառյալ, անհրաժեշտության դեպքում, այլ պետությունների հետ համաձայնագրերը, և հաշվի առնելով դրանց առանձնահատկությունները, տեղական ավանդական տեղանունների, փողոցների անունների և այլ տեղագրական նշանների տեղադրում՝ փոքրամասնության լեզվով՝ բնակչության համար, եթե այդպիսի նշանների բավարար անհրաժեշտություն կա».

Դիմում ենք Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին և կոչ անում հաշվի առնել Ջավախքում (Սամցխե-Ջախեթի-Ցալկա շրջան) և ամբողջ Վրաստանում հայկական տեղանունները՝ պաշտոնապես վերականգնելու հարցը, այդ թվում նաև նախահեղափոխական Վրաստանում տեղ ունեցած տարածաշրջանի անունը վերադարձնելու հարցը:

Մեր կոչը հեռու է անջատողական ցանկացած նկրտումներից և ուղղված է միայն պատմական ճշմարտությունը վերականգնելուն և վրացահայությանը որպես երկրի լիարժեք քաղաքացի ճանաչելուն, ոչ թե խոսքով, այլ գործով: Մենք հավաստիացնում ենք, որ մեր բողոքարկումը արդար է՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների վրա և համապատասխանում է ՄԱԿ-ի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերին»։