Ավարտվել է 20 օր տևած «Սննդարդյունաբերության հետազոտություն, ներկրվող ու արտահանվող սննդամթերքի վերահսկողություն և կարանտին» թեմայով սեմինարը, որը Հայաստանում առաջին անգամ անցկացրել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սննդի և խմորման արդյունաբերության պետական գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխանցմամբ, 60 մարդու՝ ՍԱՏՄ տեսուչների, Ագրարային համալսարանի ուսանողների, տարբեր լաբորատորիաների աշխատակիցների, արտադրողների, չինացի մասնագետները ծանոթացրել են սննդամթերքի անվտանգության բնագավառում իրենց երկրի օրենսդրությանը, կարանտինային պայմաններին, ներմուծման ու արտահանման ընթացակարգերին: Անցկացվել են նաև լաբորատոր փորձաքննությունների հետ կապված պրակտիկ դասընթացներ:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը վստահեցրել է, որ ստացված փորձն ու գիտելիքները լուրջ ներդրում են մեր երկրում սննդամթերքի անվտանգության ապահովման մակարդակը բարելավելու տեսանկյունից:

Ըստ աղբյուրի՝ առայժմ Հայաստանից Չինաստան է արտահանվում միայն չիր, կոնյակ և գինի, արդեն համաձայնություն է ձեռք բերվել նաև մեղրի արտահանման համար: