Ախալքալաքի շրջանի Դադեշ գյուղի բնակիչները կրկին բողոքում են, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին փակել է անասունների ճանապարհը: Երկաթուղին գյուղը բաժանում է արոտավայրերից, բնակիչների համար նախատեսված ճանապարհը նույնպես չի օգտագործվում:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին անցկացվել է գյուղի և դադեշցիների կողմից օգտագործվող հարթավայրային արոտավայրերի միջև, և քանի որ շինարարության ընթացքում ճանապարհը զգալիորեն բարձրացվել է, անասունները չեն կարող անցնել այդտեղով: Այս մասին հայտնում է Jnews-ը։

«Մարաբդա-Կարծախ» ՍՊԸ-ն պետք է հատուկ վայրեր ստեղծեր նախիրների համար, ինչը և արել են.

«Ծրագրով նախատեսված անասուններին քշելու 7 ճանապարհները կառուցվել են նշված գյուղերում»:

Գյուղացիների խոսքով, Դադեշ-Սուլդա հատվածում կառուցվել է անասուններին քշելու մի ճանապարհ, սակայն տեղն ընտրվել է ոչ հարմար, ոչ առաջին, ոչ երկրորդ գյուղի բնակիչները դրանից չեն օգտվում: Բացի այդ, Դադեշի բնակիչներն ասում են, որ անասունների համար կառուցվող ճանապարհներն արդեն շարքից դուրս են եկել:

Ըստ Դադեշ գյուղի բնակիչների, մի քանի անգամ անասուններին քշելու համար հատուկ վայրեր չլինելու պատճառով, կովերը վերջույթների կոտրվածքներ են ստացել: Ըստ գյուղացիների պնդման, անցման ընթացքում նույնիսկ բնակիչներից մեկն է կոտրել իր ոտքը: Դադեշի լիազոր Էդգար Թումասյանի խոսքով, դեռ գյուղերում անասուններին քշելու ճանապարհներ չեն կառուցվել:

«Մենք այս հարցով մի քանի անգամ դիմել ենք պատկան մարմիններին, բայց ապարդյուն», – ասել է Էդգար Թումասյանը:

Գյուղացիների խոսքով, նրանց խոստացել են լուծել այս խնդիրը, բայց չեն կատարել իրենց խոստումը: Ինչ վերաբերում է շինարարական ընկերության կողմից տրամադրված մեքենաների համար նախատեսված ճանապարհին, ապա այն կառուցվել է երկաթուղային գծի տակ՝ գյուղի ներկայիս ճանապարհից մոտ 200 մ հեռավորության վրա: Գյուղի բնակիչը բողոքում է, որ շինարարները գյուղացիների հետ չեն խորհրդակցել նոր ճանապարհի գտնվելու վայրի մասին և կառուցել են շատ անհարմար տեղում:

«Ինչու են այն կառուցել շատ հեռու, այնտեղ ամենուրեք ճահճացած վիճակ է, այնտեղ կառուցելը նրանց համար պարզապես հարմար էր, ահա և կառուցեցին այնպես, որ ավելի քիչ ծախսեր լիներ: Մենք բողոքել ենք, բայց ոչ ոք ուշադրություն չդարձրեց և չարձագանքեց», - ասում է Դադեշ գյուղի բնակիչը:

Ըստ գյուղացիների պնդման, խնդիրը կայանում է նրանում, որ նույնիսկ եթե մարդիկ սկսեն օգտվել բնակիչների անցման համար նախատեսված նոր ճանապարհից, երբ գնացքները ավելի հաճախ սկսեն երթևեկել, ձմռանը այդ ճանապարհը չի կարողանա շահագործվել:

«Ձմռանը մենք լիովին փակուղու մեջ կհայտնվենք: Ճանապարհը փոսի մեջ է գտնվում, երկու կողմից բլուրներ են: Նրանք խոստացան, որ երկաթուղին աշխատելուն պես կկառուցվի նոր ճանապարհ», – ասում է Էդգար Թումասյանը:

Գյուղացիների խոսքով՝ սա գյուղի բազմաթիվ խնդիրներից մեկն է: Փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի խոսքով, իրենք տեղյակ են Դադեշ գյուղի խնդրի մասին և կանեն ամեն ինչ բնակիչներին օգնելու համար: Վերջինիս պնդմամբ, իրենք պետք է նախագիծը խնդրեն «Մարաբդա-Կարծախ» երկաթուղային ընկերությունից, որպեսզի տեսնեն` արդյոք ամեն ինչ համապատասխանում է նախագծին:

«Եթե ամեն ինչ արված է նախագծի համաձայն, ապա մենք չենք կարող որևէ բան փոխել», – ասում է Արմեն Մառանգոզյանը:

Ըստ նրա, նրանք կբարձրացնեն այս հարցը, բայց չեն խոստանում, որ կլուծեն, քանի որ այդ հարցի լուծումը իրենց իրավասության մեջ չէ: