Թուրքիայում բուռն արձագանք է առաջացրել ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները Սենատի որոշումը դատապարտող հայտարարություններ են անում։ Այս մասին գրում է «էրմենիհաբեր»-ը։

ԱՄՆ Սենատի որոշմանը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն։ Նա թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ասելով.

«ԱՄՆ-ի սենատի որոշումը քաղաքական բեմադրություն է։ Այն իրավական հենք և ուժ չունի։ Նրանք ովքեր պատմությունը օգտագործում են քաղաքական նպատակներով՝ վախկոտներ են, ովքեր չեն ցանկանում առերեսվել պատմության հետ»։

Արձագանքել է նաև Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Նա նշել է, որ այս որոշումը «թե քաղաքական, թե տնտեսական, ռազմական, ոլորտում Թուրքիայի վճռական դիրքորոշման վրա ոչ մի կերպ ազդեցություն չի կարող ունենալ»։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ սենատը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Թեդ Կռուզի կողմից ներկայացված թիվ 150 բանաձևը, որն ընդունվել է միաձայն, պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը: Այն աջակցում է Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածության բարձրացմանը՝ մերօրյա վայրագությունները կանխելու նպատակով։