Շրջակա միջավայրի նախարարությունը մերժել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի՝ ջրօգտագործման թույլտվություն ստանալու հայտը: Այս տարվա հոկտեմբերին ընկերությունը նախարարությանն էր ներկայացրել հայտ, որով ցանկանում էր արդյունաբերական նպատակով ջրառ իրականացնել Քաջարան քաղաքի վարչական տարածքում: Ջրառը նախատեսվում էր կատարել հետեւյալ գետերից հետեւյալ չափով. Ողջի գետից՝ 1300 լիտր/վրկ, Սակքար գետից՝ 170 լ/վ, Փուխրուտ գետից՝ 50 լ/վրկ, Գեղի գետից՝ 380 լ/վ, Գեղի գետի ջրամբարից՝ 370 լ/վ:

Ի պատասխան մեր գրավոր հարցմանը, թե որոնք են եղել ընկերության հայտի մերժման հիմքերը, ՇՄՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վահե Ջիլավյանը մեջբերել է Ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 6-րդ կետը: Ըստ այդմ՝ ջրօգտագործման թույլտվության հայտը մերժվում է, եթե դրա տրամադրումը կարող է բացասական ազդեցություն ունենալ գործող ջրօգտագործման թույլտվություն ունեցողների իրավունքների վրա:

Թե կոնկրետ ինչպիսի բացասական ազդեցության մասին է խոսքը, նախարարությունը չի մանրամասնել: