Աֆրինում ընթացող ռազմական գործողություններում ներգրավվել են Թուրքիայի ժանդարմերիայի և ոստիկանության հատուկջոկատայինները
Փետրվարի 20-ին Թուրքիան նոր ուժեր է ուղարկել Սիրիայի Աֆրին ռազմական գործողություններին մասնակցելու համար: Իզմիր նահանգի Բորնովա գավառի ժանդարմերիայի հատուկ նշանակության բրիգադի հրամանատարությունից 1200 հատուկջոկատային ներգրավվել է «Ձիթենու ճյուղ» գործողությանը:
Բացի ժանդարմերիայի հատուկջոկատայիններից Աֆրին են ուղարկվել նաև ոստիկանության հատուկ նշանակության ուժեր: Փետրվարի 21-ին Վան նահանգի անվտանգության գլխավոր տնօրինության հատուկ նշանակության ուժերի 44 ծառայողից կազմված խումբը ուղարկվել է Աֆրին:
Աֆրինում Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ հունվարի 20-ից: Սկզբում գործողություններին ներգրավված էին միայն Թուրքիայի զինուժի հատուկջոկատայինները և Անկարային աջակցող զինյալները, սակայն թուրքական կողմը աստիճանաբար մեծացնում է իր զորքերի թվաքանակը Աֆրինում՝ ներգրավվելով նաև ուժային այլ կառույցների զինծառայողներին:
Դատելով արդեն մեկ ամիս շարունակվող գործողությունից՝ Թուրքիան բավականին դանդաղ է առաջ ընթանում, միևնույն ժամանակ տալով մեծ թվով կորուստներ, այդ թվում՝ տեխնիկայի: