Քաղաքական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան «Բաքվում հայերի ջարդերի 30-ամյա տարելից. իրավական և տեղեկատվական ասպեկտներ» խորագրով քննարկման ընթացքում նշել է․

«Փաստացի Ադրբեջանը մնաց անպատիժ Բաքվի հայերի ջարդերի կազմակերպման և իրակագործման համար: Դա նշանակում է, որ մենք չունենք որևէ երաշխիք, որ փորձ չեն անի կրկնել նորից»:

Քննարկմանը ներկա է «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ով, Ա. Էլիբեգովայի խոսքով՝ մասնակցել է գերիների փոխանակման գործընթացին, կարողացել է ամենաթեժ իրավիճակում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ ինչ որ կերպ բանակցել, խոսել մարդկանց կյանքերը փրկելու համար, հետաքրքրվեց, թե արդյո՞ք հնարավոր է այդ կոմունիկացիան այսօր:

«Այո, համագործակցել եմ, հանդիպումներ ենք ունեցել, ընդ որում՝ պատերազմի ժամանակ ամենատաժանակիր օրերին: Այդ ժամանակ հանդիպումների մթնոլորտը բոլորովին այլ էր. մենք մեծացել ենք նույն մուլտֆիլմերով, նույն գրականությամբ, նույն համալսարաններ ենք ավարտել, պատկանում ենք այն սերնդին, որոնք չունեին միջանձնյա կոմունիկացիայի որևէ խնդիր: Այդ առումով հենց հումանիտար ոլորտում այդ հանդիպումներն աննախադեպ արդյունավետ էին»,- ասել է նա:

Ալավերդյանը նշել է, որ տարին 5-6 անգամ հանդիպումները բերել են զարմանալի արդյունքների: Նա ասել է, որ Ադրբեջանից որևէ մեկը, մարդասիրական աշխատանքի մեջ ամենախելացին, ամենամեծ լուման ունեցողը երբևէ չի արտահայտել այլ միտք Արցախի հարցում, քան այն, ինչ արտահայտվել է իշխանության կողմից.

«Ավելին՝ հայկական կողմն ավելի ազատամիտ է, հայերը ներկայացնում են իրենց տեսակետները շատ ավելի ազատ, անկաշկանդ»:

Ինչ վերաբերում է կոնկրետ այսօր այդ շփումները հնարավոր լինելուն, Լարիսա Ալավերդյանն արձագանքել է.

«Այս առումով չեմ կարծում, որ այսօր թե այդ մթնոլորտը, թե միջանձյա հարաբերությունների մակարդակը մենք ունենք: Ես ողջունելով բոլոր հանդիպումները՝ երբևէ չեմ ասել, որ հանդիպումները պետք չեն»:

Նա կարևորել է, որ նման հանդիպումներից առաջ կամ հետո հստակեցնեն, թե որն է իրենց դերակատարությունը.

«Չեմ կարծում, որ անկեղծ են լինում Ադրբեջանի ներկայացուցիչները: Կցանկանայի, որ Հայաստանի ներկայացուցիչներն ազնիվ լինեին:Վերջին անգամ, որ գնացել էին լրագրողները, քննարկումներից մեկի ժամանակ ապշել էի, մասնակիցներից մեկն ասել է, որ ինքը չի նկատել ատելություն, բայց նկատել է թշնամություն:

Ես այստեղ տեսնում եմ, որ անկեղծ չեն: Ամեն մեկը պետք է զգա պատասխանատվություն, եթե նա զբաղվում է հասարակությանը մոլորության մեջ գցելու գործով:

Մենք պետք է սթափ լինենք, հստակ հասկանանք, թե ինչ կարող են տալ այդպիսի շփումները, ինչ պետք չէ դրանցից ակնկալել, ինչքան է կարևոր ազնիվ լինել իրար հետ»: