Գիրքն եղել է ու կա լավագույն արժեքներից մեկը:

Հայաստանում հաճախակի են կազմակերպվում շնորհանդեսներ, քննարկումներ ու ցուցահանդեսներ:

Հունվարի 21-ին մշակութային օջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում բացվել է գրքափոխանակության անկյուն: Գրքօջախի տնօրենը բացմանը իր խոսքում նշել է.

«Երբ տեսա գրադարանի Գրքափոխանակության ֆոնդի տասնյակ հազարավոր գրքերը, մտքովս անցավ, որ դրանք չպետք է այդպես փակված մնան, պետք է օգտակար կիրառություն գտնեն, շրջանառության մեջ դրվեն: Եվ մտածեցի, որ կարելի է առանձնացնել մի տաղավար, որտեղ գրքափոխանակություն կիրականացվի: Շատ լավ գրքեր կան, 20-ական, 30-ական թվականների, սոցռեալիզմի շրջանի արժեքավոր գրքեր: Սրանով կարող ենք լուծել նաև գրադարանի համալրման խնդիրը: Այստեղ տարբեր ծրագրեր կիրականացնի տնօրեն Հրաչյա Սարիբեկյանը: Գրքափոխանակության անկյան՝ փոխանակման համար գրքեր բերած առաջին այցելուն ՀՀ ԿԳՆ լեզվի կոմիտեի նախագահ, լեզվաբան, հայերենագետ Դավիթ Գյուրջինյանն էր», - հայտնում է լրագրող Գարիկ Ավետիսյանը։

Գրքափոխանակության անկյունը գտնվում է վարչական մասնաշենքի 1-ին հարկում: Բաց դարակներում դրված են հայերեն և օտար լեզուներով արժեքավոր գրքեր, կերպարվեստին վերաբերող գրականություն, մատենագիտական հրատարակություններ և այլն: Հայաստանի ազգային գրադարանի գրքափոխանակության ֆոնդում շուրջ 160 հազար գիրք կա, որից 100 հազարը՝ հայերեն Գրքափոխանակության անկյունը ստեղծվել է այդ ֆոնդի հիման վրա. ֆոնդի բազմաբնույթ գրքերը մաս առ մաս ներկայացված կլինեն տաղավարում: Ընթերցողները կարող են գալ, ընտրել իրենց ուզած գրքերը՝ փոխարենը գրադարանին առաջարկելով գրքեր, որոնք Ազգային գրադարանում չկան կամ մի օրինակ են: Առաջարկված գրքերը ենթակա կլինեն փոխանակման թե ոչ, քաղաքացին կարող է ստուգել Համահավաք գրացուցակով՝ հետևելով այս հղմանը. http://armunicat.nla.am/

Գրքափոխանակության նպատակահարմարությունը կորոշի մասնագիտական հանձնաժողովը: Այսպիսով՝ գրքափոխանակության տաղավարի բացմամբ մի քանի կարևոր խնդիրներ են լուծվելու.

1. Գրքափոխանակության նոր ձևաչափի միջոցով Ազգային գրադարանը համալրվելու է այնպիսի գրքերով, որոնք բացակայում են կամ առկա են միայն մեկ կամ երկու օրինակով, այսինքն սպասարկվում են միայն անձեռնմխելի գրականության ընթերցասրահում:
2. Գրքափոխանակության հարուստ ֆոնդի տասնյակ հազարավոր գրքերը նկուղներում խոնավությունից փչանալու փոխարեն դուրս կգան ու կհամալրեն ընթերցասերների անձնական գրադարանները, այսինքն յուրովի կխթանենք ընթերցանությունը...
3.Ազատելով խոնավ նկուղները կվերանորոգվեն և գրքերի պահպանության համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծելու:
4. Այն դառնալու է գրքասերների անկյուն,իսկ գիրք նվիրելու օրն այստեղ միջոցառումներ են կազմակերպվելու...