Դատարանը կարող է միջնորդություն ներկայացնել և ստանալ ոչ միայն ֆինանսական խարդախությունների մեջ կասկածվողների, այլև նրանց հետ փոխկապակցված անձանց բանկային տվյալները:

Ազգային ժողովը 73 կողմ և 37 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ու «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունների նախագիծը:

Ըստ օրենքի՝ եկամտի անօրինականության վերաբերյալ լուրջ կասկածներ ունենալու պարագայում դատարանը կարող է բանկային տեղեկություններ ստանալու միջնորդություն ներկայացնել:

Այնուհետև ՀՀ գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը պետք է հավանության տան այդ միջնորդությանը։ Դատավորը պետք է ծանրակշիռ ապացույցներ ներկայացնի, որ անձին առնչվող բանկային տեղեկություններն անհրաժեշտ են գործը բացահայտելու համար, և այդ տվյալները հնարավոր չէ ստանալ այլ ճանապարհով։

Օրինագծով առավել արդյունավետ պայքար կտարվի կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ:

Ավելի վաղ, արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նշել էր, որ որոշման նախագիծը մշակվել է՝ ելնելով կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, և հաշվի է առնվել միջազգային փորձը: