Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից «Նատալի ֆարմ» «Ռիխտեր-լամբրոն», «Ալֆա ֆարմ իմպորտ», «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ներին կարգադրագիր է տրվել «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) դեղի շրջանառությունը դադարեցնելու, շրջանառությունից հանելու (հետկանչի) մասին։

Տեսչական մարմնից հայտնում են, որ համաձայն փորձագիտական եզրակացության՝ «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մլ, (5/1x5) ամպուլներ 1մլ բլիստերում (արտադրող և գրանցման հավաստագրի իրավատեր՝ Սլովենիա ԿՌԿԱ դ․դ․, Նովո մեստո, Սմարժեսկա փ․6, 8501, սերիա՝ A70659, պիտանիության ժամկետ՝ 28․02․2021, սերիա՝ A71615, պիտանիության ժամկետ՝ 30․06․2021 դեղի գրանցված պիտանիության ժամկետի (24 ամիս) ընթացքում 18-րդ ամսից հետո տեղի են ունենում շեղումներ, որոնք չեն համապատասխանում պետական գրանցման պահանջներին։

Փորձաքննության ընթացքում դեղի պիտանիության ժամկետը փոխվել է և սահմանվել է 18 ամիս։ Վերջին 25 ամվա ընթացքում ներկրված սերիաներն ունեն 24 ամիս պիտանիության ժամկետ և ներկայում գտնվում են պիտանիության ժամկետի՝ 18 ամսից քիչ ժամկետում։

Կարգադրագիրը ստանալու օրվանից հետո՝ 7 օրյա ժամկետում, տնտեսվարողները պարտավոր են ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ապահովելով «Մոդիտեն դեպո ֆլյուֆենազին» (ֆլյուֆենազինի դեկանոատ) լուծույթ մ/մ ներարկման 25մգ/մլ (5/1x5) ամպուլներ 1մլ բլիստերում դեղի վերը նշված սերիաների շրջանառության դադարեցում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և այն մասին 7 օրը մեկ անգամ Տեսչական մարմին ներկայացնել գրավոր հաշվետվություն հետկանչի ընթացքի մասին:

Հետկանչի ավարտից հետո դեղի ոչնչացումը պետք է իրականացվի «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով, 26-րդ հոդվածով և ՀՀ առողջապահության նախարարի 2013թ-ի փետրվարի 1-ի «Դեղատներում կամ դեղատնային կրպակներում բժշկական թափոնների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 05-Ն հրամանով սահմանված կարգով։

Տեսչական մարմնի կարգադրագրի հիման վրա հետկանչ իրականացնողը մշակում է հետկանչի պլան և այն համաձայնեցման է ներկայացնում տեսչական մարմին՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ դասի թերությունների դեպքում՝ մինչև 24 ժամվա, իսկ երրորդ դասի դեպքում՝ առավելագույնը 7 օրվա ընթացքում:

Տեսչական մարմնից հիշեցնում են, որ հետկանչված, գրանցումը կասեցված դեղի իրացումն արգելվում է, իսկ դրա դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն։

Կարգադրագիրն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից: