Թուրքիայի Հաքքարի նահանգը որպես «անվտանգության հատուկ գոտի» է հայտարարված
Թուրքիայի Հաքքարի նահանգապետարանը որոշել է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններ իրականացնելու նպատակով նահանգի վարչական կենտրոնը և մի քանի գավառներ «անվտանգության հատուկ գոտի» հայտարարել:
«Անվտանգության հատուկ գոտի» է հայտարարվում Հաքքարի քաղաքը և նահանգի Շեմդինլի, Չուքուրջա, Յուքսեքովա գավառների 31 շրջաններ: «Անվտանգության գոտու ռեժիմը» շարունակվելու է փետրվարի 23-ից մինչև մարտի 9-ը:
Թուրքիայի որևէ մի նահանգում կամ գավառում «անվտանգության հատուկ գոտի» հայտարվելու դեպքում առանց թույլտվության արգելվում է ելքերն ու մուտքերը տվյալ նահանգ, գավառ: Այդ որոշման անհրաժեշտությունը հայտնում է կամ ներքին գործերի նախարարությունը, կամ ԶՈւ գլխավոր շտաբը, սակայն վերջնական որոշումը ընդունում է կամ նախարարների խորհուրդը, կամ շտապ լինելու դեպքում տվյալ նահանգի նահանգապետարանը:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում: