Նիդերլանդների խորհրդարանի ստորին պալատում (Tweede Kamer) փետրվարի 22-ին քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ շրջանառության մեջ դրված 2 օրինագծերը:

«Քրիստոնեական Միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդի ներկայացրած նախագծերից առաջինը ավելի կոնկրետ ձևակերպումներով վերահաստատում է 2004 թ․-ին Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը: 2-րդ նախագիծը նախատեսում է նախարարի մակարդակով Նիդերլանդների մասնակցությունը ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին անցկացվող միջոցառմանը:

Բանաձևերի ընդունման հավանականությունը շատ բարձր է, քանի որ խորհրդարանական 4 կուսակցություններն էլ աջակցում են դրանց: Օրեր առաջ բանաձևերի վերաբերյալ մամուլում տեղեկություններ հայտնվելուց հետո Թուրքիայի ԱԳՆ էր կանչվել Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը: