ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ 2018թ․-ի փետրվարի 21-ին, 79 տարեկան հասակում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ և կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանը:

Էդուարդ Սադոյանը ծնվել է Երևանում: 1968-71թթ որպես ազատ ունկնդիր, հաճախել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա:

1976թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը: 1979թ-ից եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Հեղինակել է օպերաներ, բալետներ, սիմֆոնիաներ, կոնցերտ, լարային կվարտետներ, խմբերգեր և վոկալ-գործիքային այլ ստեղծագործություններ: 2013թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

Երկերից են` «Գոյամարտ» սիմֆոնիա, «Երեք խոսք Հայաստանի մասին» սիմֆոնիետ, «Կյանքի ծառը» մոնո-օպերա, «Իշխանուհի Մարիա Վոլկոնսկայայի հուշագրերը» կամերային օպերա (1978թ.), Կոնցերտ ֆլեյտայի և կամերային նվագախմբի համար (1981թ.), «Հեյ, ո՞վ կա այստեղ» կամերային օպերա (1982թ.), «Բիդստրուպի ծաղրանկարներ» կամերային նվագախմբի և մնջախաղի համար (1984թ.), «Սիրո հայրեններ» սոպրանոյի և դաշնամուրի (կամ նվագախմբի) համար, Սոնատ կլարնետի և դաշնամուրի համար (1989թ.) և այլն: