Գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը նախատեսվում է ավարտել այս տարի․ Արայիկ Պետրոսյան
Հայաստանում 2017թ․-ին որդեգրվել է 53 երեխա, որից 36-ը՝ առողջական տարբեր խնդիրներով: Նրանցից 41-ին որդեգրել են մանկատներից: Որդեգրված 53 երեխաներից 29-ին տարել են Հայաստանից դուրս, 24-ը որդեգրվել են հայաստանցիների կողմից:
Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար՝ Արայիկ Պետրոսյան։ Փոխանցում է Պանորամա-ն։ Հարցազրույցի ընթացքում փոխնախարարը նշել է․
«Հայաստանցիները նախընտրում են որդեգրել առողջ երեխաների, արտասահմանցիները որդեգրում են նաև առողջական խնդիրներ ունեցողներին: Նաև հավաստիացնում եմ, որ այդ հարցում կարող ենք հանգիստ լինել, ոչ մի վտանգ չկա։ Հայաստանը տարբեր երկրներում ունի դիվանագիտական ծառայություններ, հյուպատոսություններ, որոնց վրա նաև այդ երեխաներով հետաքրքրվելու պարտականությունն է դրված:
Հայաստանի գիշերօթիկ հաստատություններում կա 380 խնամվող երեխա, մանկատներում՝ 618 երեխա, որից 445-ը առողջական խնդիրներ ունեն: 594 երեխա էլ ծառայություններ է ստանում ցերեկային խնամքի հինգ կենտրոններում:
Հայաստանում գիշերօթիկ հաստատությունների ու մանկատների վերակազմակերպում է իրականացվում: Այս պահի դրությամբ գիշերօթիկ երկու կազմակերպություն վերակազմակերպել է՝ Նուբարաշենինը և Սյունիքինը, դրանք դարձել են երեխաների ցերեկային խնամքի բազմաֆունկցիոնալ կենտրոններ: 2018թ․-ի ընթացքում վերակազմակերպվելու հերթին սպասում են ևս հինգ հաստատություն:
Այս պահին Վանաձորի մանկատան վերակազմակերպումն ենք նախապատրաստում, այնտեղ ապրում է 56 երեխա: Նրանցից 15-ին կարելի է վերադարձնել կենսաբանական ընտանիք: Մինչ այդ նրանց վերապատրաստում են՝ ծնողավարման հմտություններ փոխանցելով: Մյուսների համար էլ խնամատար ընտանիքներ են պատրաստում: Ի դեպ, այս տարի նախատեսվում են ավելացնել խնամատար ընտանիքների թիվը՝ 20-ից հասցնելով 90-ի: Յուրաքանչյուր երեխայի համար խնամատար ընտանիքը կստանա 136 հազար դրամ, որից 76 հազար դրամը երեխայի խնամքի ծախսերն են, 60 հազարը՝ խնամատար ընտանիքին վարձատրություն: Նրանք խնամատար ընտանիքում կապրեն մինչև չափահաս դառնալը, դրանից հետո իրենք են որոշում շարունակե՞լ ապրել այդ ընտանիքում, թե՞ ոչ:
Նախարարությունում նախատեսում են ընտանիք վերադարձած երեխաների համար ցերեկային խնամքի կենտրոններ ստեղծել, որտեղ նրանց կտրամադրվեն կրթական, սոցիալական, առողջապահական, մարզական, մշակութային ծառայություններ, դրանցից բացի պետք է լինեն նաև վերականգնողական խորացված ծառայություններ մատուցող կենտրոններ:
Յուրաքանչյուր երեխայի, ընտանիքի դեպքում լինելու է կարիքի ամբողջական գնահատում, յուրաքանչյուրին ցուցաբերվելու է անհատական մոտեցում»,-մանրամասնում է Պետրոսյանը:
«Մանկատուն պետք է ընդունվեն այն երեխաները, որոնք ծնող չունեն կամ սոցիալական որբեր են, կամ անբարեհույս ընտանիք ունեն, որտեղ երեխաներին թողնել չի կարելի»,-նշում է նա:
«Այս հաստատությունների վերակազմակերպումը մեր նախորդ տարիների կատարած աշխատանքների տրամաբանական շարունակությունն է: Այս փուլում մեր հիմնական խնդիրը առանց ցավ անցկացնել է, հաստատություններից դուրս եկած երեխաների հետքը չկորցնելն է: Մենք այս ընտանիքներին հանձնում ենք սոցիալական աշխատողին, որպեսզի նա հետևի, որ ընտանիքը ոտքի կանգնի»,-մանրամասնում է նախարարության պաշտոնյան:
Նախարարությունում ծրագրում են, այս տարվա ընթացքում վերակազմակերպել բոլոր գիշերօթիկ հաստատությունները: Հասկանում են, որ գործընթացը շատ լուրջ մոտեցում ու ռեսուրսներ է պահանջում, սակայն հաստատակամ են: