Ջեյսոն Սոհիգյան

«Գագաթնաժողով հանուն անտառների. գլոբալ ջանքերը և Հայաստանը» խորագրով համաժողովի ընթացքում տեղի ունեցած տարբեր թեմատիկ քննարկումների ժամանակ բանախոսները ընդգծեցին ընդհանուր մի խնդիր, որը միաժամանակ և′ մտահոգիչ է և′ յուրահատուկ կոչ բոլորին՝ առավել ակտիվ գործելու և ռեսուրսներ ներգրավելու: Սա մասնավորապես վերաբերում է տնկարանների կառավարման և անտառվերականգնման բնագավառում հմուտ մասնագետների պակասին: Բանախոսներից շատերը մատնանշեցին այդ մարտահրավերը, իսկ «Էյ Թի Փի»-ն իր տնկարանների և ծառատունկում ներգրավված աշխատակիցների կարողությունների հզորացման փորձի հիման վրա հաստատեց այդ տեսակետը:

Այս խնդիրը կարևոր և առանձնահատուկ նշանակություն ձեռք բերեց այն պահից, երբ Հայաստանը հայտարարեց մինչև 2050թ-ը երկրի անտառածածկ տարածքների մակերեսը կրկնապատկելու իր հավակնոտ ծրագրի մասին: Աշխատանքների իրականացման համար կպահանջվի բավականին մեծ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, այդ թվում նաև տնկիներ և արհեստավարժ փորձագետներ, ովքեր ծանոթ են ծառերի բազմացման, տնկարանների կառավարան, տեղամասերի ընտրման, ծառատունկի, ծառերի խնամքի և երկարաժամկետ կառավարման մեթոդներին:

Վերոնշյալ խնդիրը առավելագույնս կարևորվեց գագաթնաժողովի առաջին քննարկման ժամանակ, երբ արծարծվում էին Հայաստանի անտառածածկի ավելացման հետ կապված մարտահրավերներն ու հնարավորությունները: Բացերի մասին խոսելիս՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Հովիկ Սայադյանը ընդգծեց, որ Հայաստանում գոյություն չունի անտառկառավարման պլանների մշակման համապատասխան ինստիտուտ՝ մասնավորապես անտառների գույքագրման, հաշվառման, անտառապատման և անտառների կառավարման համար:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը թեման ընդլայնելով անդրադարձավ նաև անտառային կրթության հետ կապված մի շարք մարտահրավերների: Օրինակ՝ շատ հաճախ, ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով մասնագետներին հնարավորություն չի ընձեռվում վերապատրաստվել, իսկ Ագրարային համալսարանի շրջանավարտների թիվը օրեցօր նվազում է: Ավելին, համալսարանն ավարտող ուսանողներից շատերը հաճախ չեն կարողանում գտնել աշխատանք այս ոլորտում: Նա նաև նշեց, որ անհրաժեշտ է խթանել անտառային մասնագիտության գրավչությունն ու մրցունակությունը:

Հաշվի անելով առկա մարտահրավերները՝ նախատեսված է, որ Հայաստանում կվերապատրաստեն ավելի շատ մասնագետներ, ինչի նպատակն է ընդլայնել անտառածածկույթն ու կառավարել արդեն իսկ գոյություն ունեցող անտառները:

Դոկտոր Ուռուտյանը քննարկեց նաև Ագրարային համալսարանի համար կարևոր մի շարք թիրախային խնդիրներ՝ շեշտելով նորագույն տեխնոլոգիաներով հագեցած անտառագիտության լաբորատորիաների ստեղծման, անտառային կրթությանն աջակցելու նպատակով բարեգործական հիմնադրամների ներգրավման, նորացված կրթական նյութերի, դասախոսների շարունակական կրթության և վերապատրաստման, ինչպես նաև գիտական հետազոտությունների բնագավառում խրախուսական նախաձեռնությունների անցկացման անհրաժեշտությունը:

Միջազգային կազմակերպությունների կողմից հովանավորվող անտառային նախաձեռնությունների ազդեցության և բացերի վերաբերյալ քննարկումների ժամանակ Համաշխարհային հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց որակյալ մասնագետների և կարողությունների պակասի խնդիրը: Նա նաև ընդգծեց, որ անտառապատման և անտառվերականգնամն ծրագրերը հաջող են իրականացվել այնպիսի կազմակերպությունների կողմից, ինչպիսին է «Էյ Թի Փի»-ն: Նման կազմակերպություները ունեն համապատասխան արհեստավարժ մասնագետներ: Այնուամենայնիվ, հայտնի են նաև այնպիսի դեպքեր, երբ համապատասխան մասնագետների հետ խորհրդակցություններ չանցկացնելու հետևանքով, գրանցված արդյունքները բավարար չեն եղել:

«Մենք ընտրեցինք այս թեման գագաթնաժողիվին քննարկելու համար, քանի որ «Էյ Թի Փի»-ն բազմիցս նկատել է այդ բացը աշխատանքի հայտարարություններ տալիս և նոր ծրագրեր իրականացնելիս: Եղել են դեպքեր, երբ երիտասարդները դիմել են աշխատանքի համար և ընդհանրապես փորձ չեն ունեցել տնկարանների աշխատանքներում, նույնիսկ դժվարացել են տարբերել անտառային ծառատեսակները: Այս խնդիրը անհապաղ լուծման կարիք ունի, և մենք պատրաստ ենք օգնել խթանելու մեր բնագավառում մասնագետների կարողությունները»,- նշեց «Էյ Թի Փի»-ի ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:

Այս խնդիրը հասցեագրելու նպատակով «Էյ Թի Փի»-ի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվել է նոր համագործակցության պայմանագիր: Համալսարանի ուսանողները «Էյ Թի Փի»-ի տնկարաններում և ջերմոցներում կանցկացնեն գործնական աշխատանքներ և դաշտային ուսումնասիրություններ: Ավելին, այս տարի, ՄԱԶԾ-ի աջակցությամբ կիրականացվի փորձնական ծրագիր:

«Մեր տնկարաններում և այլ տեղամասերում արդեն հյուրընկալել ենք մի շարք ուսանողների և մասնագետների: Ագրարային համալսարանի հետ համագործակցության շնորհիվ ծրագիրը կընդլայնվի և կօգնի մեզ կրթելու երիտասարդ նոր մասնագետներ, ինչպես նաև անհատների, ովքեր աշխատում են այս բնագավառում և ցանկություն ունեն ծանոթանալու տնկման նորագույն տեխնոլոգիաների և մեթոդների հետ», - ավելացրեց Հարությունյանը:

«Էյ Թի Փի»-ի կառույցներն ու տնկման վայրերը ընձեռում են կրթական մի շարք հնարավորություններ, մասնավորապես տնկարանների, ջերմոցային տնտեսությունների և անտառների կառավարման, ինչպես նաև քաղաքային անտառտնտեսության ու պտղատու ծառերի արտադրության բնագավառում:

«Մեր ծրագրերը լայնածավալ են և բազմաշերտ՝ սկսած անտառտնկման վայրերի ու համապատասխան ծառատեսակների ընտրությունից մինչև պտղատու այգիների ստեղծումը: Մենք ոգևորված ենք այս համագործակցությամբ և հուսով ենք, որ այն կառուցողական դեր կխաղա անտառների ընդլայնման աշխատանքներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վրա», - եզրափակեց Հարությունյանը

Անտառների վերաբերյալ համաժողովի ընթացքում վերհանվեցին բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց հասցեագրման համար անհրաժեշտ են ստեղծել լրացուցիչ ուսուցման, վերապատրաստման և կարողությունների զարգացման հնարավորություններ: Անդրադառնալով հիմնախնդիրներից մի քանիսին՝ հարկ է նշել կենսաբազմազանությունն ուսումնասիրելու և ճանաչելու անհրաժեշտությունը, ինվազիվ տեսակների ազդեցության հավանականությունը, անտառների կայուն կառավարման պլանների ստեղծումն ու իրականացումը, ինչպես նաև տնկարանների կառավարումն ու հակահրդեհային միջոցառումների իրականացումը:

Անտառվերականգնման 30-ամյա ծրագրի շրջանակում կստեղծվեն շատ աշխատատեղեր՝ հնարավորություն ընձեռելով փորձառու մասնագետներին ստանձնելու այդ աշխատատեղերը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ նոր համագործակցության շրջանակում ուսանողները կանցկացնեն գործնական և դաշտային ուսումնասիրություններ «Էյ Թի Փի»-ի տնկարաններում և ջերմոցներում: Ծրագրի նպատակն է զարգացնել տնկարանների և անտառների կառավարման ոլորտների մասնագետների մասնագիտական հմտությունները: