Վարչական դատարան փետրվարի 17-ին մուտq է եղել «Վայքգոլդ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել նախարարության թիվ 711-Ա հրամանը: Այս մասին գրում է Հետք-ը։

Այդ հրամանով, հիշեցնենք, 2019թ. դեկտեմբերի 19-ին նախարարությունը դադարեցրել էր «Վայքգոլդ» ՍՊԸ-ի` Վայոց ձորի մարզի Ազատեկի ոսկի-բազմամետաղների հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը:

«Վայքգոլդ» ՍՊԸ-ն Ազատեկի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը ստացել էր 2012թ-ին` 25 տարի ժամկետով, Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի օրոք: Այնուհետև, հաջորդող նախարար Երվանդ Զախարյանի օրոք ընդերքօգտագործման պայմանագրի փոփոխություն է ավելացել` ըստ էության պայմանագրի սկզբի ժամկետը 2015թ-ը դարձնելու նպատակով: Այդպիսով, «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ըներքօգտագործման իրավունքն ավարտվելու էր 2040թ-ին:

Գործը մակագրվել է Վարձական դատարանի դատավոր Արթուր Ավագյանին: Այն վարույթ կընդունվի, թե ոչ` պարզ կդառնա 7 օրվա ընթացքում:

Հիշեցնենք, որ դատական վեճ նախաձեռնելու մասին Ազատեկի հանքավայրի համար հավակնություններ ունեցող նոր` «Վայկ-ինվեստ» ՍՊԸ-ի կազմակերպած հանրային լսումներին հայտարարել էր «Վայքգոլդ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Սամվել Զաքարյանը:

Քանի դեռ ընկերությունը փորձում է «հետ բերել» ընդերքօգտագործման իր իրավունքը, զուգահեռաբար Քննչական կոմիտեում ապօրինի հանքարդյունահանում իրականացնելու փաստով քրեական գործ է ընթանում, որի շրջանակներում նշանակված փորձաքննություններ են կատարվում: Իսկ այս ընթացքում նոր ընկերություն է հայտ ներկայացրել Ազատեկի ոսկի-բազմամետաղներն արդյունահանելու նպատակով: