«Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները Երևանի թիվ 179 դպրոցում էին՝ «Քան» ակադեմիայի կրթական հնարավորությունները և ռեսուրսները ներկայացնելու երևանյան դպրոցների՝ «Քան»-ի հարթակով հետաքրքրված տնօրեններին և փոխտնօրեններին։ Այս մասին հաղորդում է «Այբ» կրթական հիմնադրամը:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ համագործակցությամբ կազմակերպվեց հանդիպում 10 դպրոցների տնօրենների և փոխտնօրենների հետ, ովքեր ցանկանում էին կիրառել «Քան» ակադեմիայի կայքն իրենց դպրոցում: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը և «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գայանե Արամյանը, նպատակ ունենալով «Քան» ակադեմիայի կրթական նյութերը հասանելի դարձնել նաև մայրաքաղաքում, համագործակցությունը որոշել էին սկսել դպրոցներից։

«Հարթակն ամբողջովին անվճար է և հայալեզու, ինչը շատ կարևոր է, քանի որ կան դպրոցներ, որոնք չունեն մեծ հնարավորություններ: Որոշեցինք փորձարկել դպրոցներում այս հարթակը և ունեցանք տնօրեններ, որոնք ցանկացան մասնակցել այս հանդիպումներին: Մեծ պատրաստակամություն կա աշխատելու «Քան»-ի հետ. հույս ունենք, որ հետագայում անպայման կընդլայնվի այս համագործակցությունը»,- նշել է քաղաքապետարանի հանրակրթության վարչության դպրոցական բաժնի պետ Ժաննա Ղարդաշյանը:

Գայանե Արամյանը տնօրեններին մանրամասն ներկայացրել է կայքի հնարավորությունները՝ աշակերտների և ուսուցիչների համար նախատեսված գործիքներն ու ռեսուրսները, և թե ինչպես կարող են դպրոցներն օգտվել անվճար ու հայալեզու այս հարթակից։

Հանդիպմանը մասնակցել են նաև տնօրեններ, որոնք արդեն «Քան» ակադեմիայի կայքից օգտվելու որոշակի փորձ ունեին: Ըստ Երևանի թիվ 33 հիմնական դպրոցի տնօրեն Ինգա Վարդանյանի՝ «Քան» ակադեմիան բավականին լավ օգնություն է հատկապես ներառական կրթություն իրականացնող դպրոցների և ուսուցիչների համար:

«Մենք արդեն 2 տարի օգտագործում ենք «Քան»-ի հարթակը: Մեզ հատկապես օգնում է ներառական կրթության պարագայում՝ անհատական մոտեցման ժամանակ: «Քան»-ը հարմար է նաև դպրոցից ինչ-ինչ պատճառներով բացակայող աշակերտների համար. եթե երեխան չի գալիս դպրոց, տանն էլ կարող է դիտել տեսանյութերը, կատարել առաջադրանքները և թեմայից հետ չմնալ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է: Այս հարթակի շնորհիվ յուրաքանչյուր երեխայի տրվում է նրա կրթական պահանջներին և կարողություններին համապատասխան կրթություն: Այդ իսկ պատճառով ես՝ որպես տնօրեն, խրախուսում եմ մեր ուսուցիչներին օգտագործել «Քան»-ի հարթակը»:

Այս քննարկման արդյունքներով կնախանշվեն մայրաքաղաքի դպրոցների ուսուցիչների վերապատրաստման հնարավոր ծրագիրն ու ձևաչափը։ Հիշեցնենք, որ «Քան» ակադեմիան աշխատարանների շարք է իրականացրել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների դպրոցներում և առաջիկայում նման ծրագրեր ունի նաև Արցախում։

Նշենք, որ «Քան» ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 2006թ-ին և առաջնորդվում է «Ապահովել համաշխարհային մակարդակի անվճար կրթություն բոլորի համար և ամենուրեք» կարգախոսով։ «Քան» ակադեմիան տեսանյութերի ﬕջոցով կազմակերպում է առցանց կրթություն, ուսուﬓական նյութերի և վարժությունների ﬕջոցով հնարավորություն տալիս սովորելու, պարապելու և ամրապնդելու գիտելիքները տարբեր առարկաներից։ Հարթակի խաղային տարրերն աջակցում են ուսուﬓական գործընթացն ավելի հետաքրքրաշարժ դարձնելուն:

Այսօր «Քան» ակադեմիայի մշակած կրթական նյութերից օգտվում են լավագույն համալսարանների և դպրոցների աշակերտներն ու ուսանողները, հարթակից օգտվում է ավելի քան 60 մլն մարդ աշխարհի 190 երկրից։ Այն տեղայնացնում են 30-ից ավելի երկիր, այդ թվում՝ Հայաստանը:

«Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ 2017թ-ին Հայաստանը միացել է ծրագրին, և արդեն մի քանի տարի տեղայնացվում են «Քան» ակադեմիայի նյութերը՝ հասանելի դարձնելով հարթակը հայ սովորողների համար։