Գյումրու զբաղվածության մարզային կենտրոնում հաշվառված է 13 հազար 116 աշխատանք փնտրող քաղաքացի: Նրանցից 10 հազար 140-ը ունեն գործազուրկի կարգավիճակ: Դիմողների մեջ կանանց տեսակարար կշիռն ավելի մեծ է՝ 70 տոկոս: Կենտրոնը սպասարկում է ոչ միայն Գյումրու բնակչությանն, այլև Ախուրյանի նախկին տարածաշրջանի գյուղական համայնքները: Զբաղվածության կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը նշում է, որ վերջին շրջանում ակտիվացել է գյուղական համայնքներից դիմողների թիվը՝ պայմանավորված գյուղատնտեսական նշանակության պետական աջակցության ծրագրերի իրականացմամբ: Այս մասին գրում է Հետք-ը։

«Դա գյուղերում սեզոնային զբաղվածության խթանման խնդիրն է լուծում: Մենք գյուղացուն օգնում ենք մշակելու սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ, որ դրանք պարապ չմնան կամ լավագույն դեպքում՝ չտան վարձակալությամբ»,- ասում է կենտրոնի տնօրեն Ամալյա Ադամյանը:

Ծրագրին մասնակցության պարտադիր պայմաններից առաջինը կենտրոնում հաշվառվելն է: Մյուս պայմանը՝ անձը պետք է ունենա առնվազն 1-ից մինչև 3 հա հող կամ լինի համասեփականատեր: Աջակցության ծրագրով տնամերձի տարբերակը չի դիտարկվում, նախ որ շատ մեծ տարածքներ չեն լինում սովորաբար, և այսպես, թե այնպես մարդիկ այն մշակում են:

«Ծրագիրն ունի սահմանած առաջնահերթություններ,- պարզաբանում է Ամալյա Ադամյանը,- դրանց մեջ մտնում են նպաստառու ընտանիքները, երկու և ավելի անչափահաս ունեցող ընտանիքները, այդ ընտանիքներում հաշմանդամություն ունեցող անձինք, ընտանիքներ, որոնք ռեմիգրանտներ ունեն, զոհված զինծառայողների ընտանիքներ և այլն: Կենտրոնի ծրագրերի մասին աշխատում ենք շատ դեպքերում անձամբ տեղեկացնել: Օրինակ՝ մի 15 օր առաջ Կամո գյուղ էի գնացել և անձամբ ներկայացրել եմ պետական աջակցության ծրագրերը: Հանդիպումից հետո, կարելի է ասել, բնակչության կեսը դիմել է զբաղվածության կենտրոն»:

Անցած տարի Գյումրու զբաղվածության կենտրոնը 100 մլն դրամի ֆինանսավորում է ունեցել, սակայն ընդամենը 7-8 մլն դրամն են կարողացել տրամադրել դիմողներին, մնացած գումարը հետ են վերադարձրել բյուջե: Տնօրենի փոխանցմամբ՝ օբյեկտիվ պատճառներ են եղել՝ ֆինանսավորումը եղել է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, երբ վար ու ցանքի սեզոնն արդեն անցել էր և գյուղացիներն աջակցությունից կարողացել են օգտվել միայն բերքահավաքի փուլում: Բացի այդ, եղել է որոշակի սահմանափակում համայնքների ընտրության առումով, նախապատվությունը տրվել է սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային համայնքներին: Այս տարի ստացել են 95 մլն դրամի ֆինանսավորում, համայնքների աշխարհագրությունն ընդլայնվել է, տեղեկատվական արշավն էլ ավելի վաղ են սկսել, որպեսզի գյուղացին կարողանա գարնանային աշխատանքները սկսելիս արդեն իսկ օգտվել աջակցությունից:

«Տրամադրվող գումարն, ըստ աշխատանքի բարդության, մշակաբույսի նախընտրության, տատանվում է 50-350 հազար դրամի սահմաններում: Ընտրված դիմումատուների համար առանձին հաշվեհամար է բացվում, կազմվում է աշխատանքային պլան, ըստ դրա կատարվում է ֆինանսավորումը: Սա աջակցություն է, որ հետ վերադարձի պահանջ չի դնում,- ասում է զրուցակիցս,- պարզապես հնարավորություն է տալիս մարդուն իր ունեցած սուղ միջոցներին ավելացնել ոչ թե վարկային միջոցներ, այլ՝ պետական նվիրատվություն»:

Գյումրու զբաղվածության կենտրոնի կողմից իրականացվում են ծրագրեր, որոնք, ըստ Ամալյա Ադամյանի՝ կարգավորում են հանրապետությունում ներքին միգրացիան: Կենտրոնի տնօրենը խոսում է պահանջված մասնագետների բնակավայրի փոփոխությամբ, մեկ այլ վայրում, թափուր աշխատատեղերի լրացման մասին:

«Պետությունը գումար է տալիս, որպեսզի մասնագետը կարողանա տեղափոխվել, տալիս է վարձակալած բնակարանի երկու տարվա վարձը և կոմունալ ծախսերը հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձի (68 հազար դրամ) չափով և այլն: Պարտադիր պայմաններից է, որ աշխատանքի նոր վայրն առնվազն 30 կմ հեռու լինի մասնագետի բնակության վայրից»:

Ներկայում կենտրոնը բանակցություններ է վարում Գորիսից դիմածնոտային մասնագետին Գյումրի տեղափոխելու ուղղությամբ: Մասնագետի հետ կնքվելու է երկու տարվա աշխատանքային պայմանագիր, որով պետությունը պարտավորվում է տեղափոխման ծախսերից, վարձակալական գումարից բացի 1 տարի փոխանցել հավելավճար հանրապետությունում ընդունված նվազագույն աշխատավարձի չափով՝ անկախ գործատուի սահմանած աշխատավարձից:

«Տարբեր մասնագետների հետ կապված հավելավճարի չափը տարբեր է,- նշում է Ամալյա Ադամյանը,- 100 տոկոսով վճարում են բժիշկներին ու մանակավարժներին, մյուս մասնագիտությունների գծով՝ 50 տոկոս է: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս մի տեղում լուծել թափուր աշխատատեղերի խնդիրը, մեկ այլ տեղում՝ անել բեռնաթափում: Ուղղակի խնդիրն այն է, որ հայերը մի փոքր դժվարությամբ են լքում իրենց բնակավայրը երկրի ներսում»:

Պետական աջակցության ծրագրերով, բանակցելով գործատուների հետ, հնարավոր է աշխատանքի տեղավորել երիտասարդ մասնագետներին: Օրինակ, եթե դու ստացել ես խոհարարի մասնագիտություն և ունես աշխատանքի տեղավորվելու խնդիր, կենտրոնն իր ունեցած հայտերի հիման վրա գտնում է թափուր աշխատատեղի հայտ ներկայացրած գործատուին, բանակցում աշխատանքի տեղավորման շուրջ, կնքում եռամսյա պայմանագիր որոշակի պայմաններով:

«Մենք 3 ամիս վճարում ենք աշխատանքի տեղավորվածի աշխատավարձը հանրապետությունում ընդունված մինիմալ աշխատավարձի չափով, հարկերն ենք վճարում, որպեսզի գործատուի վրա ֆինանսական բեռ չլինի: Լինում է, որ վճարում ենք նաև պրակտիկայի ղեկավարին, որի ղեկավարությամբ այդ երեք ամիսը աշխատելու է մեր տեղավորած անձը՝ նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով: Կարող եմ վստահեցնել, որ շնորհիվ այս ծրագրի՝ մեր մոտ աճել են երիտասարդ դիմողների թիվը: Մեկ այլ ծրագրով, ասենք դու խոհարար ես, ունես հմտություններ, բայց ուզում ես առավել հմտանալ հրուշակագործության մեջ, մենք վճարում ենք գործատուին մինչեւ 200 հազար դրամ, այդ հմտությունների ուսուցումն իրենց մոտ կազմակերպելու համար: Սա միտված է նրան, որ բացառվեն փորձաշրջան անվան տակ մեկ ամիս անվճար աշխատեցնելու արատավոր պրակտիկան»:

Եվս մեկ հետաքրքիր ծրագիր, որ վերաբերում է մասնագիտություն չունեցող մայրերին: Երիտասարդ տարիքում ամուսնացած, հետագայում արդեն ընտանիքի, երեխաների, տան հոգսը կրած, երբևէ չաշխատած կանանց այժմ հնարավորություն է տրվում ցանկության դեպքում ձեռք բերել մասնագիտություն և անցնել աշխատանքի: Պետությունը վճարում է կրթաթոշակ ծրագրի շահառուին, վճարում է սովորեցնող մասնագետին, տալիս է գործատուի նյութածախսը՝ միանվագ 30 հազար դրամ և այլն: Կենտրոնն իրականացնում է նաև մինչև երկու տարեկան երեխաների համար վարձած դայակի աշխատավարձը 50 տոկոսով փոխհատուցելու ծրագիր: Սա հնարավորություն է տալիս մայրերին, ցանկությամբ դեպքում, ավելի շուտ վերադառնալ աշխատանքի: Անցած տարի այս ծրագրով կենտրոնը 61 կնոջ հոգս է թեթևացրել:

«Մենք ունենք ծրագրեր աշխատունակ բնակչության 16-ից 63 տարեկանների համար, ովքեր ունեն գործազուրկի կարգավիճակ և փնտրում են աշխատանք»,- զրույցն ամփոփում է Ամալյա Ադամյանը: