Ռուսաստանը ամռանը կարող է ստորագրել Սու-34-երի գնման պայմանագիր
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ամռանը հնարավոր է «Սուխոյ» ընկերության հետ ստորագրի Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչների գնման պայմանագիր։ Նշվում է, որ խոսքը մի քանի տասնյակ միավոր ռմբակոծիչների մասին է։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Նշվում է, որ առաջիկայում պլանավորած է սպառազինությունում առկա Սու-34-երի արդիականացում։ Նշենք, որ 2017թ-ին, այն ժամանակ դեռ ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը հայտարարել էր, որ Սու-34-երի արդիականացումը սկսվելու է 2018թ-ին։
Սու-34 ռազմաճակատային ռմբակոծիչներն արտադրվում են «Սուխոյ» ընկերության մասնաճյուղում՝ Նովոսիբիրսկի՝ Չկալովի անվան ավիաշինական գործարանում։ Ռմբակոծիչների գնման առաջին պայմանագիրը արտադրողն ու ՌԴ ՊՆ-ն կնքել էին դեռևս 2008թ-ին։ Նախատեսված 32 միավոր ինքնաթիռների առաջին խմբաքանակը մատակարարվել էր 2014թ-ին։
Հաջորդ՝ 2012թ-ին կնքված և այժմ գործող պայմանագրով նախատեսված 92 միավոր ռազմաճակատային ռմբակոծիչների մատակարարումը նախատեսված է ավարտել այս տարի։ Ընդհանուր առմամբ, ըստ տարբեր տվյալների, ներկայումս ՌԴ ՌՕՈւ տրամադրության տակ կա 110-130 միավոր Սու-34, իսկ նախատեսվում է ինքնաթիռների թիվը հասցնել 150-200։