Գերմանիայի Սահմանադրական դատարանը թույլատրել է էվթանազիան՝ որոշելով, որ դրա արգելքը հակասում է երկրի հիմնական օրենքին: Դաշնային Սահմանադրական դատարանը վճիռը կայացրել է փետրվարի 26-ին: Դատավորները դրանում տեսել են ծանր հիվանդ մարդկանց և բժիշկների իրավունքների ոտնահարում:

Սեփական ցանկությամբ մահվան իրավունքը դասվում է մարդու անձնական իրավունքների շարքին, որոշել են դատավորները: Այն ներառում է ինքնասպանություն գործելու ազատությունը կամ կյանքից կամավոր հեռանալու համար երրորդ կողմի օգնությանը դիմելը: Այդպիսի հայտարարություն է արել ԳԴՀ բարձրագույն դատական ատյանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեն, գրում է Deutsche Well-ն:

Դատավճիռը, սակայն, չի նշանակում, թե օրենսդիրներին արգելվում է կանոնակարգել այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք նպաստում են էվթանազիային:

Էվթանազիան անբուժելի հիվանդությամբ տառապող մարդուն՝ ցավերից ազատելու համար կյանքից զրկելն է։ Առանձնանում է դրա երկու տեսակ՝ պասիվ և ակտիվ։ Պասիվ է համարվում, երբ մահացու հիվանդին դիտավորյալ դադարեցնում են դեղամիջոցներ տալ։ Ակտիվ է համարվում հիվանդին մահացու դեղամիջոց ներարկելը կամ մահ առաջացնող ուրիշ գործողություններ, որոնց արդյունքում վրա է հասնում անցավ և արագ մահը։