Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանի անժամանակ մահվան մասին:

Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են մեր երկրի համար: Բարձր գնահատանքի է արժանի անվանի հուշարձանագետի հետևողական աշխատանքը Թուրքիայում և Ադրբեջանում հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականության դեմ»,- ասվում է վարչապետի ցավակցական հեռագրում:

Փաշինյանը խորին ցավակցություն է հայտնել Սամվել Կարապետյանի հարազատներին և գործընկերներին: