Սպարապետ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959թ-ին մարտի 5-ին, Արարատում:

Նա եղել է ՀՀ առաջին պաշտպանության նախարարը 1991-1992թթ-ին և այնուհետև՝ 1995-1999թթ-ին: Նա նաև եղել է ՀՀ վարչապետ 1999թ-ի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թ-ի հոկտեմբերի 27-ը:

Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988թ-ին Ղարաբաղյան շարժման ժամանակ, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանին: Նա նշանակվեց պաշտպանության նախարար նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանի անկախացումից որոշ ժամանակ անց՝ 1991թ-ի վերջին: Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994թ-ը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

Հետպատերազմյան տարիներին Սարգսյանը մնաց զինված ուժերում` դառնալով Հայաստանի քաղաքականության մեջ որպես հզոր գործիչ: Սատարելով Լևոն Տեր-Պետրոսյանին 1996թ-ի ընտրություններում` նա ստիպեց նախագահին հեռանալ պաշտոնից 1998թ-ին` համաձայնության չգալով Լեռնային Ղարաբաղի հարցում, և օգնեց այդ ժամանակվա վարչապետ Ռոբերտ Քոչարյանին ընտրվել Հայաստանի նախագահ:

Սարգսյանը հիմնեց Երկրապահ Կամավորական միությունը, որը միավորեց Հանրապետական կուսակցության հետ և դաշինք կնքեց նախկին կոմունիստական առաջնորդ Կարեն Դեմիրճյանի հետ: 1999թ-ի մայիսի խորհրդարանական ընտրություններում նրանց դաշինքը հաղթանակ տարավ և մեծամասնություն ձևավորեց Ազգային Ժողովում: Սարգսյանը դարձավ վարչապետ և դե ֆակտո Հայաստանում որոշում ընդունող, որը վերահսկում էր երկրի զինված ուժերը և օրենսդիր մարմինը:

Սարգսյանը, Դեմիրճյանը և վեց այլ պատգամավորներ ու մեկ նախարար սպանվեցին 1999թ-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի շենք մուտք գործած մի խումբ զինված անձանց կողմից: Գլխավոր մեղավորները ցմահ դատապարտվեցին: Սակայն կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության «բացակայությունը» առիթ դարձավ առաջ քաշելու տարբեր վարկածներ: Որոշ մասնագետներ և քաղաքական գործիչներ կարծում են, որ սպանությունները նախապատրաստել էին տեղի իշխանությունները, մյուսները կարծում են, որ դրանց ետևում թաքնված են դրսի ուժեր:

Չնայած տարբեր քննադատություններին՝ Վազգեն Սարգսյանը Հայաստանի իշխանությունների և հանրության լայն հատվածի կողմից ընդունվում է որպես ազգային հերոս: Նրան տրվել է հերոսական Սպարապետ պատվանունը, քանի որ նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի անկախության, անվտանգության և Հայկական բանակի կայացման գործում: Նա նաև քննադատվում է մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից՝ որպես ոչ ժողովրդավար անձ՝ հատկապես ընտրություններում իր դերի համար։ Սարգսյանին շնորհվել են Հայաստանի և Արցախի բարձրագույն կոչումները` Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս։

Նշենք, որ գործում է Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը, որը գտնվում է Արարատ համայնք, Գարեգին Նժդեհ 7 հասցեում։