Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երկրապահ կամավորականների միությունում մասնակցել է սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-ամյակին նվիրված միջոցառմանը: Վարչապետը նախ ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նիկոլ Փաշինյանը բոլորին շնորհավորել է Վազգեն Սարգսյանի ծննդյան 61-րդ տարեդարձի առիթով և կարևորել շնորհավորանքի խոսքերը ԵԿՄ-ում հնչեցնելը, որովհետև միությունը Վազգեն Սարգսյանի գործունեության ամենաերևելի արտահայտություններից մեկն է: «Երևելի՝ ոչ միայն և ոչ այնքան ֆիզիկական իմաստով, որքան դրա բովանդակային խորությամբ: Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում և բարձր գնահատում Վազգեն Սարգսյանի գործունեությունը որպես ազատամարտի կազմակերպիչներից մեկը, որպես Սպարապետ, որպես Հայոց բանակի, ժամանակակից բանակի հիմնադիր: Դա ունի շատ պարզ բացատրություն, որովհետև Վազգեն Սարգսյանի գործունեությունն առաջին հերթին որպես ազատամարտիկ՝ արտահայտությունն էր այն հավատի, որ մարդը կարող է ունենալ ինքն իր ուժերի նկատմամբ՝ փոխելու սեփական ժողովրդի ճակատագիրը, փոխելու սեփական ժողովրդի ապագան: Եվ կարծում եմ, որ այդ հավատն 90-ականների սկզբին հենց Վազգեն Սարգսյանի մեջ է ծնվել: Այդ հավատը վարակել է հարյուրավոր, հազարավոր մեր ուրիշ հայրենակիցների և այդ հավատի շնորհիվ է, որ տեղի է ունեցել հաղթանակն արցախյան ազատամարտում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նկատել է՝ մեր ազգային ճակատագիրն ուսումնասիրելիս կարող ենք արձանագրել, որ մեր հաղթանակների մեծագույն մասը կապված է հենց մեր ուժերին, ինքներս մեր անցյալին և մեր ապագային հավատի հետ:

«90-ականներին այդպես էր, և այդ հավատի ամենավառ արտահայտիչներից մեկը Վազգեն Սարգսյանն էր, դարասկզբին՝ 1918թ-ին, Արամ Մանուկյանն էր, և կարծում եմ՝ հենց ժողովրդի ինքնապահպանման բնազդը և ընդունակությունը ժամանակ առ ժամանակ ստեղծում է, դուրս է բերում գործիչների, ովքեր իրենց մեջ դաստիարակելով հավատը՝ կարողանում են վարակել նաև ուրիշներին: Մեր խնդիրը հետևաբար նույնն է բոլոր ժամանակներում»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր ժողովրդի հնարավորինս մեծ թվով ներկայացուցիչներ հավատան իրենք իրենց, իրենց ստեղծարար տաղանդին, իրականությունը, աշխարհը և ապագան փոխելու իրենց ուժին:

Վարչապետն ընդգծել է, որ այդ հաղթանակը չի տարվել նրա համար, որ ուրիշներին անընդհատ ի ցույց դրվի: Հաղթանակը տարվել է նրա համար, որ այսօր յուրաքանչյուր հայ, Հայաստանի Հանրապետության և Արցախի յուրաքանչյուր քաղաքացի իրեն զգա արժանապատիվ, պաշտպանված՝ որպես հպարտ երկրի հպարտ քաղաքացի, որի իրավունքները և հնարավորությունները ոչ միայն պաշտպանված են, այլև երաշխավորված:

«Մյուս կողմից հանրությունը, ազատամարտիկը պետք է տեսնի, որ ինքը գնահատված է, իր աշխատանքը գնահատված է, իր հաղթանակը չի ուրացվում: Եվ սա մի գործընթաց է, մի բովանդակություն է, որը թվում է ակնհայտ: Բայց ցավով պետք է արձանագրենք, որ այդ բովանդակությունն իրականացնելու ճանապարհին էլ, մենք մինչև վերջ չենք գնացել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, երբեմն ժամանակ չի եղել, երբեմն ժամանակներն են այլ եղել, երբեմն գիտակցումը չի եղել այդ օրակարգի, բայց սա Երկրապահ կամավորականների միության նոր ժամանակներում գործունեության հիմնական անելիքն է:

Երկրապահ կամավորականների միությունն, իհարկե, միակ կազմակերպությունը չի եղել, որ ներդրում ունի այս հաղթանակի մեջ, բայց ակնհայտ է, որ ԵԿՄ-ն ակնհայտորեն ամենամեծ ներդրումներից ունեցող կառույցն է մեր փառահեղ հաղթանակի գործում»: