Թուրքագետ և քրդագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին և Թուրքիայի գործողություններին․

«Սիրիայում հարաբերական անդորր է, սակայն սա երկար չի տևելու, քանի որ Թուրքիան չի կարող դե ֆակտո պարտության հետ համակերպվել: Պարզապես այս շրջանում մի փոքր դադար էր պետք Թուրքիային, որպեսզի նախ և առաջ լուծի ներքին քաղաքական հարցերը քաղաքական դաշտում և ներքին ազգային հարցերը քրդերի հետ: Երբ Թուրքիան Իդլիբում զբաղված էր ռազմական գործողություններով, այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունից ոչ շատ հեռու Աղըր նահանգի Բայազետ քաղաքում տեղի ունեցավ վերջին շրջանում կարելի է ասել բացառիկ հարձակում թուրքական բանակի անձնակազմի վրա՝ տուժեցին թուրքական բանակի ավելի քան 80 զինվոր, 3 հոգի զոհվեցին (մեկը տեղում, երկուսը՝ հետագայում հիվանդանոցում), վիրավորնրի թիվն անցավ 50-ը: Հարձակում էին գործել զինվորներին տեղափոխող ավտոբուսների վրա:

Այս ֆոնին Թուրքիան հասկացավ, որ չի կարող միաժամանակ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում, Լիբիայում զորք ուղարկել, ներքին քաղաքական և ազգային հարցերը լուծել, դրա համար Սիրիայում վերցրեց թայմ աութ, իսկ մինչ այդ իր քրդաբնակ նահանգներում հայտարարեց պարետային ժամ:

Կարծում եմ, որ ապրիլին կրկին թեժացումներ կլինեն, սակայն այս անգամ այն չի զարգանա հանկարծակի սցենարով, քանի որ Թուրքիան փորձելու է համագործակցություն ստիպել, իսկ եթե չհաջողվի ստիպել, ապա եզրեր փնտրել Արևմուտքի և Եվրոպայի հետ, որպեսզի Ռուսաստանից հեռացումից հետո միայնակ չմնա»: