ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Համաշխարհային տնտեսությունում այսօր տեղի ունեցած իրադարձություններն ակնհայտ նոր ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին դրսևորումներն են։

Նավթի համաշխարհային գների մեկ օրվա անկումն աննախադեպ էր սկսած 1991թ-ից և կանխատեսվում է հետագա անկում։

Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի տարածումը շարունակում է հանդիսանալ լուրջ խնդիր միջազգային առևտրի և տուրիզմի համար։ Մասնավորապես, համաշխարհային տնտեսության գլխավոր խաղացողներից մեկի՝ Չինաստանի արտաքին առևտրի անկումն անդրադառնում է ամբողջ աշխարհի վրա։

Եվրոպական երկրներն էլ լուրջ վնասներ են կրում նաև տուրիզմից։

Արդյունքում, արձանագրվել է նաև հիմնական ֆոնդային բորսաների, հումքի գների աննախադեպ անկում, ռուբլու արժեզրկում։

Թեև Հայաստանը չի համարվում նավթային երկիր, չունի միջազգային ֆոնդային բորսաներում ներկայացված ընկերություններ, սակայն մեր տնտեսությունը չի կարող անմասն մնալ այս ճգնաժամից։

• Ռուսական տնտեսության վիճակն ուղղակիորեն անդրադառնալու է Հայաստանի տնտեսության վրա՝ որպես գլխավոր տնտեսական գործընկեր և մասնավոր տրանսֆերտների հիմնական ուղղություն։

• Հումքի գների անկումը վտանգելու է արտահանման հիմնական ուղղության՝ պղնձի արտահանումը, որը 2019թ. եղել է ամենամեծ ծավալով վերջին 10 տարվա ընթացքում։

• Նախորդ տարվա տնտեսական աճի հիմնական ուղղություններից մեկը՝ տուրիզմը, լուրջ անկում կապրի այս տարի՝ Իրանի հետ փակ սահմանի, ռուսական ճգնաժամի և կորոնավիրուսի պատճառով։

Սրան հավելելով տնտեսության այլ խնդիրները՝ կապիտալ ծախսերի թերակատարում, մեքենաների արտահանման գրեթե վերացում, ներդրումների ոչ բավարար վիճակ, ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունն առաջիկայում կրելու է վնասներ։ Մասնավորապես, արտահանման կրճատումը, տուրիզմի կրճատումը, տրանսֆերտների նվազումը բացասական են ազդելու վճարային հաշվեկշռի վրա, որը երկարաժամկետ հատվածում կարող է բերել դրամի արժեզրկման։

Միևնույն ժամանակ, արտահանման կրճատումը կդանդաղեցնի տնտեսական աճի տեմպերը, որը կազդի բյուջետային մուտքերի, ի վերջո, հասարակության բարեկեցության վրա։

Ճգնաժամի վատատեսական սցենարի կանխատեսումը և գործողությունների ձեռնարկումը հատուկ է աշխարհի գերտերություններին նաև, և մենք պարտավոր ենք օր առաջ քայլեր ձեռնարկել՝ անգամ եթե «տնտեսական հեղափոխության բացառիկ կղզյակ ենք»։

Այս պահին կառավարությունը պետք է առկա վիճակին համահունչ արագ քայլեր ձեռնարկի, իրականացնելով առնվազն հետևյալը՝

• Օտարերկրյա ներդրողների համար բացառիկ արտոնությունների սահմանում, որը կապահովվի արտարժույթի ներհոսք, տնտեսական աշխուժություն։ Ընդ որում, այստեղ հարկերի առկայությունը պետք է հետին պլան մղվի։

• Արտահանող ընկերություններին պետք է տրամադրվեն արտոնություններ, այդ թվում ԿԲ-ի հետ դիտարկել նպատական վարկերի տրամադրում ռուսական ռուբլով՝ արտարժութային ռիսկերը կառավարելու նպատակով։

• Քայլեր ձեռնարկել տուրիզմի խրախուսման ուղղությամբ։ Հաշվի առնելով վերջին ամիսներին արտարժույթի ներհոսքի ծավալների աճը և ԿԲ պահուստների համալրումը, որն իրականացվել է դրամի արժևորման զսպման նպատակով՝ Կենտրոնական բանկն իր հիմնական նպատակների իրականացման համար, անհրաժեշտության դեպքում պետք է արտարժութային ինտերվենցիաների միջոցով ապահովի արտարժույթի պահանջարկի բավարարումը՝ խուսափելով հնարավոր խուճապից և չարաշահումներից։

Իրադարձությունների հետագա զարգացումները կարող են ազդեցության ուղղությունները և դրանց տեմպերն էականորեն փոխել, հետևաբար, կառավարության գլխավոր առաքելությունն այս պահից սկսած պետք է լինի ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու գործողությունների իրականացումը»։